Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության նախագահ Իբրահիմ Քալընը և Հունաստանի Ազգային հետախուզական ծառայության տնօրեն Թեմիստոկլիս Դեմիրիսը անցած շաբաթ Աթենքում մասնակցել են գաղտնի բանակցությունների, քննարկել Էգեյան ծովում ստեղծված իրավիճակը և անվտանգության այլ հարցեր, ուրբաթ օրը աղբյուրներին հղումով հայտնում է թուրքական «Հյուրիյեթ» թերթը։

«Քալընը ժամանել էր Աթենք՝ Դեմիրիսի հետ բանակցությունների համար։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումները և երկու երկրների միջև առկա խնդիրների լուծման ուղիները»,- հայտնել են աղբյուրները պարբերականին։

Նրանց տվյալներով, կողմերը «ընդգծել են թուրք-հունական հարաբերությունների զարգացման կարևորությունը Էգեյան ծովում, Արևմտյան Միջերկրականում, ինչպես նաև ՆԱՏՕ-ում անվտանգության ապահովման համար» և նշել երկու պետությունների հետախուզական ծառայությունների համագործակցության նշանակությունը ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, անօրինական միգրացիայի և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում։

Խորհրդակցությունների թեմաներից են եղել նաև ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությունը, Սիրիայում և Լիբանանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Իսրայելի գործողությունները։ Կողմերը պայմանավորվել են ուժեղացնել երկրների հետախուզական ծառայությունների համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ։

Երկու երկրների հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպմանը նախորդել էր Թուրքիայի և Հունաստանի միջև լարվածության աճը, որն առաջացել էր Էգեյան ծովում ստեղծված իրավիճակի պատճառով, հիշեցնում է «Հյուրիյեթ»-ը։

Անցած շաբաթ Թուրքիայի պաշտպանության նախարարությունում հայտարարել էին, որ Անկարային անհանգստացնում են հաղորդագրությունները Հունաստանի մտադրությունների մասին՝ մշտական հիմունքներով անօդաչու թռչող սարքեր տեղակայելու Էգեյան ծովի Հռոդոս կղզում։ Անցած չորեքշաբթի Շանհայի համագործակցության կազմակերպության միջոցառումների ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ էր անում Հունաստանին դադարեցնել Էգեյան ծովի կղզիներում սպառազինության տեղակայումը։

2023 թվականին Թուրքիան և Հունաստանը Աթենքում ստորագրել են հռչակագիր՝ նպատակ ունենալով խուսափել առճակատումից Էգեյան ծովում, որտեղ կողմերի միջև պահպանվում են տարաձայնություններ՝ ջրային տարածքի և օդային տարածության նկատմամբ իրավունքների վերաբերյալ։