Իրանը Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական բազաներին պատասխան օդային հարվածների ընթացքում օգտագործել է բալիստիկ հրթիռներ և արհեստական բանականության տեխնոլոգիայով հագեցած ԱԹՍ-ներ։ Այդ մասին հայտնել է Իսլամական Հանրապետության բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան։
«Վերջին գործողությունների ընթացքում թշնամու դեմ մենք օգտագործել ենք Fath տեսակի երկիր-երկիր դասի հրթիռներ և արհեստական բանականությամբ հագեցած Arash-2 անօդաչու սարքեր»,- ասել է նա պետական հեռուստատեսության եթերում։ Իրանական բանակի ներկայացուցչի հավաստիացմամբ, Իրանի զինված ուժերը պատասխան հարվածներ են հասցնում «համակցված և ասիմետրիկ եղանակով, ինչը թույլ է տալիս հեշտությամբ խոցել թիրախները»։
Աքրամինիան նշել է, որ Թեհրանը չի բացառում սպառնալիքների առաջացման դեպքում կանխարգելիչ գործողություններ իրականացնելու հնարավորությունը, ինչպես նաև զգուշացրել է Իսրայելին, որ նոր ագրեսիայի դեպքում Իրանի պատասխանը կլինի «արագ և կործանարար»։
Սեպտեմբերի 1-ին ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Իրանի տարածքում գտնվող թիրախների նկատմամբ մի շարք հարվածներ հասցնելու մասին։ Press TV հեռուստաալիքի տվյալներով, պայթյուններ են որոտացել երկրի հարավային ափին, այդ թվում՝ Քեշմ կղզում և մի շարք քաղաքներում։ Իրանն ի պատասխան հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի ռազմական բազաներին ԱՄԷ-ում, Հորդանանում, Իրաքում և Բահրեյնում։




























