Գերմանիայի իրավապահ մարմինները նամակ են ստացել, որտեղ հեղինակը խոստովանում է, որ դիվերսիա է իրականացրել Հարավային Բրանդենբուրգի էներգետիկ օբյեկտների դեմ։ Այս մասին սեպտեմբերի 3-ին հայտնել է տեղի ոստիկանությունը։

«Մենք նամակ ենք ստացել, որում հեղինակն իր վրա է վերցնում Բրանդենբուրգ երկրամասի Տուրնով-Պրեյլակ բնակավայրում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը», — X-ի իր էջում գրել է գերատեսչությունը։

Գերմանական Bild թերթը լրացնում է, որ նամակում խոսվում է նաև Բերգհայմում և Բրանդենբուրգի «Յենշվալդե» ՋԷԿ-ում տեղի ունեցած միջադեպերի մասին։ Հեղինակն իր գործողությունները պատճառաբանում է որպես հանածո վառելիքից ստացվող էներգիայի կիրառման դեմ բողոք։

Դատելով փոստային դրոշմակնիքից՝ նամակն ուղարկվել է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայից։ Ոստիկանությունն այժմ ստուգում է ուղարկողի առնչությունը էներգետիկ օբյեկտների վրա կատարված հարձակումներին։