ԱՄՆ Կոնգրեսի՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններին մասնակցող Հանրապետական կուսակցության թեկնածուները խուսափում են երկրի նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունից՝ մտավախություն ունենալով, որ այն կարող է թուլացնել իրենց դիրքերը։ Այս մասին հայտնել է Politico պարբերականը։

Ինչպես գրում է թերթը, «բարդ ընտրապայքարի առջև կանգնած բազմաթիվ հանրապետականներ, Թրամփի վարկանիշի շարունակական անկման ֆոնին, զգուշանում են նրա հետ չափազանց սերտ կապերից»։ Հրապարակման համաձայն՝ Թրամփից հեռավորություն պահպանելու դեպքում ընտրարշավի մասնակիցները ռիսկի են դիմում զրկվել նախընտրական հիմնադրամների ֆինանսավորումից, մինչդեռ վարչակազմի հետ սերտ համագործակցությունը սպառնում է նրանով, որ «նախագահն իր հետ ներքև կքաշի նրանց՝ Իրանի դեմ ոչ ժողովրդական պատերազմի և դրա հետևանքով առաջացած գնաճի ֆոնին»։

Պարբերականի աղբյուրները որոշ քաղաքական գործիչների շրջապատից հայտնել են, որ վերջիններս «Թրամփի թիմին տեղեկացրել են ընտրություններին ընդառաջ իրենց ընտրատարածքներում [ԱՄՆ նախագահի] այցելությունների անցանկալիության մասին»։ Մի շարք հանրապետականների քաղտեխնոլոգները «խորհուրդ են տալիս նախընտրական արշավի ընթացքում չհիշատակել Թրամփին կամ առնվազն սահմանափակել գործող վարչակազմի նկատմամբ ուղղակի հղումները»։

Ավելի վաղ The Wall Street Journal (WSJ) թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփի հետ սերտորեն կապված ամերիկյան ընկերությունները, նախապատրաստվելով հանրապետականների հնարավոր պարտությանը, փորձում են շահել Դեմոկրատական կուսակցության համակրանքը Կոնգրեսի նոյեմբերյան միջանկյալ ընտրություններից առաջ։

ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին։ Դրանց ընթացքում կվերընտրվեն Սենատի մեկ երրորդը և ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ողջ կազմը։ Երկու պալատներն էլ ներկայումս գտնվում են իշխող Հանրապետական կուսակցության վերահսկողության տակ։