ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում տեղադրել է Washington Post պարբերականում հրապարակված մի հոդված, որտեղ առաջարկվում է Կիևին հակաօդային պաշտպանության Patriot համակարգերի կալանիչ հրթիռների արտադրության արտոնագիր տրամադրել։

«Ինչպես կարող է Թրամփն օգնել Ուկրաինային ստեղծել Patriot հրթիռների սեփական արտադրությունը» վերնագրով հոդվածի հեղինակն է Ամերիկյան ձեռներեցության ինստիտուտի (AEI) ավագ գիտաշխատող Մարկ Թիսենը: Թրամփը հղումը տարածել է առանց որևէ մեկնաբանության:

Հոդվածում ընդգծվում է, որ Վաշինգտոնն ունի Patriot հրթիռների լուրջ դեֆիցիտ, որոնք անհրաժեշտ են ոչ միայն Ուկրաինային, այլև հենց ԱՄՆ-ին՝ Մերձավոր Արևելքում սպառնալիքները զսպելու և սեփական զորախմբերը պաշտպանելու համար:

Ըստ Թիսենի՝ գործընթացը կանգ է առել ամերիկյան հետախուզական ծառայությունների մտավախությունների պատճառով, որոնք մտահոգված են PAC-3 MSE արդիական կալանիչների տեխնոլոգիաների հնարավոր արտահոսքով: Որպես փոխզիջում՝ առաջարկվում է Կիևին արտոնագրել ավելի պարզ ու էժան մոդելների արտադրությունը՝ լինի դա նորագույն PAC-3 ACE-ը, թե 1990-ականներից ի վեր իրեն արդարացրած PAC-2 GEM-T-ն:

Բացի այդ, հոդվածագիրը Թրամփին կոչ է արել ճնշում գործադրել Հարավային Կորեայի վրա, որպեսզի վերջինս մինչև ձմռան գալուստը M-SAM II համալիրներ փոխանցի Կիևին: