Ուսումնական տարվա սկզբից ի վեր Միդլենդի և Հյուսիսային Անգլիայի միջնակարգ դպրոցներում աղջիկներին արգելվել է կիսաշրջազգեստ և զգեստ կրել, հայտնում է The Daily Mail պարբերականը։

Ըստ պարբերականի՝ մինչև ուսումնական տարվա մեկնարկը 22 հազար աշակերտի ծնողների զգուշացրել են, որ երեխաները պետք է դպրոց հաճախեն «գենդերային առումով չեզոք» համազգեստով, ինչը նշանակում է, որ աղջիկները կիսաշրջազգեստի փոխարեն պետք է հագնեն սովորական սև դասական տաբատ։

Թերթի փոխանցմամբ՝ ծնողները դժգոհել են, որ իրենց դուստրերը տուն են վերադարձել «լացակումած» ու «վրդովված», քանի որ ուսուցիչները պահանջել են փոխել հագուստն ու տաբատ հագնել։ Ջոնս ազգանունով մայրերից մեկը պատմել է, որ իր 11-ամյա դստերը՝ Միլիին, թույլ չեն տվել մասնակցել դասին, քանի դեռ նա չէր հագել դպրոցի աշխատակիցների տված տաբատը։

«Սա վառ օրինակ է այն բանի, թե ինչպես է «վոուկ» (քաղաքական եզրույթ, որը ենթադրում է սոցիալական, ռասայական և սեռական արդարության քարոզչություն - Խմբ․) օրակարգը չափն անցել։ Սա ուղղակի ծիծաղելի է, և ես մինչև հիմա չեմ հասկանում դրա տրամաբանությունը։ Նա աղջիկ է, իրեն որպես աղջիկ է ընկալում, ծնվել է աղջիկ և միշտ եղել է աղջիկ. նա պետք է կիսաշրջազգեստ կրելու իրավունք ունենա։ Ես սա հասկանում եմ նրանց նոր քաղաքականության համատեքստում, սակայն համաձայն չեմ դրա հետ։ Իմ կարծիքով՝ սա սեքսիստական մոտեցում է, որն անհավասարության հարցեր է բարձրացնում»,– նշել է Ջոնսը։

Մեկ այլ աշակերտուհու մայր էլ վրդովվել է այն փաստից, որ իր դստերը կարող են զրկել կրթություն ստանալու իրավունքից՝ զուտ հագուստի պատճառով։

Այս նախաձեռնության կողմնակիցները նշում են, որ տաբատ կրելն ավելի գործնական է ու նվազեցնում է ծնողների ծախսերը։ Բացի այդ, այն փարատում է աղջիկների անվտանգությանն առնչվող մտահոգությունները՝ կապված չափազանց կարճ կիսաշրջազգեստներ հագնելու հետ։