ԱՄՆ-ի տասնյակ բարձրաստիճան զինվորականներ այս ամռանը անցել են պոլիգրաֆի ստուգում՝ երկրի առաջադեմ սպառազինության պաշարների մասին գաղտնի տեղեկության արտահոսքի լայնածավալ հետաքննության շրջանակում, հայտնում է CBS News-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ ամերիկացի պաշտոնյաներին։

Հեռուստաալիքի զրուցակիցների տվյալներով՝ ստուգումն անցել է մի քանի տասնյակ մարդ, այդ թվում՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության և այլ միավորված մարտական հրամանատարությունների ներկայացուցիչներ։ Զինվորականների նման լայն ընդգրկումը պոլիգրաֆի ստուգումներում չափազանց անսովոր է եղել, նույնիսկ հաշվի առնելով, որ նման ստուգումներ պարբերաբար անցնում են հատկապես գաղտնի տեղեկության հասանելիություն ունեցող պաշտոնյաներն ու զինծառայողները։

Պոլիգրաֆի հարցերը վերաբերում էին ազգային անվտանգության հետ կապված թեմաների լայն շրջանակի։ Երկու աղբյուր հայտարարել են, որ ստուգումն անցածներից ոչ մեկը չի տապալել այն հարցերը, որոնք նախատեսված էին ԶԼՄ-ներին տեղեկության արտահոսքին առնչությունը բացահայտելու համար։

Հետաքննությանը հատուկ ուշադրություն դարձվեց այն հրապարակումներից հետո, թե որքան արագ են ԱՄՆ-ն սպառում Իրանի հետ պատերազմի ընթացքում առավել ժամանակակից և քանակով սահմանափակ զինամթերքի որոշ տեսակներ։ CBS News-ի աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չափազանց դժգոհ էր արտահոսքերից։ Իշխանությունները նաև մտավախություն ունեին, որ գաղտնի տեղեկությունների բացահայտմանը կարող է առնչված լինել օտարերկրյա հետախուզության շահերից գործող անձը։

Միևնույն ժամանակ, ստուգումն անցել են ոչ բոլոր բարձրաստիճան զինվորականները։ Մասնավորապես, Շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դեն Քեյնը պոլիգրաֆի ստուգում չի անցել։

Պենտագոնում հրաժարվել են մեկնաբանել կոնկրետ կադրային կամ քննչական գործողությունները։ Գերատեսչության գլխավոր ներկայացուցիչ Շոն Փարնելը հայտարարել է, որ ազգային անվտանգության հետ կապված գաղտնի տեղեկության արտահոսքերը «չափազանց լրջորեն են դիտարկվում» և համապատասխան կերպով հետաքննվում են։

Հուլիսին պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել էր Պենտագոնի և Արդարադատության նախարարության համատեղ խմբի ստեղծման մասին, որը պետք է բացահայտի և պատասխանատվության ենթարկի այն անձանց, որոնք կասկածվում են լրագրողներին գաղտնի պետական տեղեկություն փոխանցելու մեջ։ Դա դարձավ հետաքննության ընդլայնում, որը ավելի վաղ սկսվել էր հենց Հեգսեթի գրասենյակի ներսում։

Պենտագոնի գլխավոր իրավախորհրդատու Էրլ Մեթյուզը ստացել է լայն լիազորություններ՝ պահանջելու տեղեկություններ, փաստաթղթեր և այլ աջակցություն արտահոսքերի հետաքննությունների շրջանակում։ Գերատեսչության աշխատակիցներին հանձնարարվել էր նման հարցումներին առաջնահերթություն տալ և պատասխանել դրանց երկու օրվա ընթացքում։

Ինքը՝ Հեգսեթը, հայտարարել է, որ արտահոսքերը կարող են վտանգի տակ դնել մարդկանց կյանքերը։

Պոլիգրաֆներն ինքնին անսովոր գործիք չեն ամերիկացի զինվորականների և այն պաշտոնյաների համար, որոնք հասանելիություն ունեն խիստ գաղտնի նյութերին և հատուկ հասանելիության ծրագրերին։ Սակայն CBS News-ի աղբյուրները ներկայիս ստուգումների մասշտաբը համարում են հենց ազգային անվտանգության ոլորտի հետաքննության նշան։

Դաշնային օրենսդրությունը և Պենտագոնի կանոնները սահմանափակումներ են դնում պոլիգրաֆի կիրառման վրա և նախատեսում են որոշակի ընթացակարգային երաշխիքներ։ Հակահետախուզական հետաքննությունների շրջանակում պաշտպանության նախարարը իրավունք ունի կարգադրելու նման ստուգումների անցկացումը, սակայն օրենքով նախատեսված դեպքերում ստուգվողը պետք է տա իր համաձայնությունը կամ ինքն էլ պահանջի ստուգում։

ՀԴԲ-ն ներկա պոլիգրաֆի ստուգումների անցկացմանը չի մասնակցել։ Զինվորականներն ունեն իրենց սեփական քննչական ստորաբաժանումները։

Հեգսեթի համար սա արդեն առաջին դեպքը չէ, երբ նա դիմում է պոլիգրաֆի՝ արտահոսքերի վերաբերյալ կասկածների ֆոնին։ Անցյալ տարի, ինչպես հաղորդվում էր, նա կատաղել էր այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներ էր արտահոսել Պենտագոնում Իլոն Մասկի համար նախատեսված Չինաստանին նվիրված գաղտնի բրիֆինգի մասին տեղեկությունը։

The Wall Street Journal-ի տվյալներով՝ Հեգսեթն այն ժամանակ ծովակալ Քրիստոֆեր Գրեյդիից պահանջել էր ապացույցներ, որ նա արտահոսքի աղբյուրը չէր, և սպառնացել էր նրան պոլիգրաֆի ստուգման ենթարկել։ Ինքը՝ Գրեյդին, ի վերջո ստուգում չի անցել։ Հեգսեթը նաև տեղեկատվության փոխանցման մեջ կասկածում էր գեներալ-լեյտենանտ Դուգ Սիմսին, որին նույնպես սպառնացել էին ստուգմամբ։

Ավելի ուշ Հեգսեթը հրաժարվեց Սիմսին առաջադրել չորսաստղանի գեներալի պաշտոնի համար։ Անցյալ տարվա սեպտեմբերին Սիմսը անցավ թոշակի։