Իրանն ավելի վստահ է դարձել Մերձավոր Արևելքում գտնվող թիրախներին հարվածներ հասցնելու իր հնարավորությունների նկատմամբ և, ըստ ամենայնի, պատրաստ է մի քանի ամիս շարունակել հակամարտությունը ԱՄՆ-ի հետ՝ ձգտելով բարդացնել նախագահ Դոնալդ Թրամփի դրությունը։ Այդ մասին են վկայում ամերիկյան հետախուզության զեկույցները, որոնք պատրաստվել են վերջին շաբաթներին, գրում է The New York Times-ը՝ հղում անելով դրանց ծանոթացած ամերիկացի պաշտոնյաներին։

Հետախուզության գնահատականները մեծապես արտացոլում են ռազմի դաշտում տիրող իրավիճակը։ Հարաբերական դադարի շրջանից հետո մարտական գործողությունները կրկին ակտիվացել են. վերջին շաբաթվա ընթացքում Իրանը հարձակվել է Հորմուզի նեղուցում գտնվող նավերի և տարածաշրջանում գտնվող ամերիկացի զինծառայողների վրա, իսկ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի տարածքին, ինչի հետևանքով զոհվել են զինվորականներ և քաղաքացիական անձինք։

Առայժմ փոխադարձ հարվածները մնում են սահմանափակ։ Սակայն, NYT-ի աղբյուրների վկայությամբ, հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ Իրանի կոշտ գիծ վարող ղեկավարությունը կարող է դիտարկել էական էսկալացիայի հնարավորությունը։

Մի քանի ամիս տևած ընդհատված մարտական գործողություններից հետո Թեհրանը, ամերիկացի պաշտոնյաների գնահատմամբ, շատ ավելի լավ պատկերացում է ստացել սեփական ռազմական հնարավորությունների մասին և այժմ ավելի վստահ է գնահատում տարածաշրջանում ամերիկյան և այլ թիրախներին հարվածներ հասցնելու կարողությունը։

Հետախուզական զեկույցները նաև վկայում են, որ հակամարտության լիակատար դադարեցման շուրջ պայմանավորվելը չափազանց դժվար կլինի։ Գործող և նախկին ամերիկացի պաշտոնյաներից ոմանք նշել են, որ գրեթե չկան նշաններ, որ Իրանը պատրաստ է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ։ Ընդհակառակը, Թեհրանը կարող է շահագրգռված լինել իրավիճակի հետագա սրմամբ՝ ակնկալելով ուժեղացնել Թրամփի քաղաքական խնդիրները ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ։

Թրամփն առայժմ չի ձգտում բանակցությունների։ Նա հայտարարել է, որ տնտեսական ճնշման միջոցով ի վիճակի է ստիպել Իրանին գնալ զիջումների Հորմուզի նեղուցի վերահսկողության հարցում և, հնարավոր է, ավելի ուշ՝ միջուկային ծրագրի շուրջ։

Սակայն կարճաժամկետ հեռանկարում ամերիկյան պատժամիջոցները, հավանաբար, կնպաստեն հետագա էսկալացիային, կարծում են հետախուզական տվյալներին ծանոթ պաշտոնյաները։

Նրանց կարծիքով, առաջիկա շաբաթներին Իրանը կարող է ձեռնարկել այնպիսի գործողություններ, ինչպիսիք իրականացրել էր հուլիսին։ Այդ ժամանակ Թեհրանը հարձակվել էր Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական բազաների վրա, ինչի հետևանքով Հորդանանում զոհվել էին ԱՄՆ-ի երեք քաղաքացիներ, հարվածներ էր հասցրել Հորմուզի նեղուցում նավագնացությանը, ինչպես նաև հարձակվել էր Քուվեյթի և տարածաշրջանի այլ երկրների ենթակառուցվածքների վրա։

Ամերիկյան իշխանությունները նաև կարծում են, որ Իրանի հետ կապված հաքերները, ամենայն հավանականությամբ, կանգնած էին հուլիսի վերջին ԱՄՆ-ում ավելի քան 100 ջրամատակարարման համակարգերի վրա իրականացված կիբերհարձակումների հետևում։ Նշաններ, որ հարձակումների հետևանքով ջուրը դարձել է խմելու համար վտանգավոր, չեն եղել, սակայն որոշ դեպքերում տեղի են ունեցել խափանումներ, որոնց պատճառով օպերատորները ստիպված են եղել անցնել ձեռքով կառավարման։ Որոշ շրջաններում նաև որպես նախազգուշական միջոց՝ ջուրը եռացնելու վերաբերյալ խորհուրդներ են տրվել։

Գործող և նախկին ամերիկացի պաշտոնյաները հայտնել են, որ հաքերները հետաքրքրություն են ցուցաբերել նաև ԱՄՆ-ի նավթագազային ենթակառուցվածքների նկատմամբ։ Միևնույն ժամանակ, նման համակարգերը համարվում են ավելի բարդ կոտրելու համար։ Այն մասին, թե արդյոք հաքերներին հաջողվել է ներթափանցել որևէ էներգետիկ օբյեկտ, առայժմ հայտնի չէ։