Virgin ընկերությունների խմբի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը Իրանի հետ պատերազմը անվանել է «միանգամայն անիմաստ» և հայտարարել, որ հակամարտությունը հանգեցրել է նավթի, ավիացիոն կերոսինի և, որպես հետևանք, ավիատոմսերի գների կտրուկ աճին, հայտնում է BBC News-ը։
«Իրանական հակամարտությունը միանգամայն անիմաստ էր։ Իրանի և մնացած աշխարհի միջև գոյություն ուներ միջուկային համաձայնագիր, որը կնքվել էր նախագահ Օբամայի օրոք՝ բազմաթիվ եվրոպական երկրների մասնակցությամբ։ Այն գործում էր, ուստի այն խզելու անհրաժեշտություն չկար», — ասել է Բրենսոնը BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ըստ նրա, պատերազմի հետևանքներից մեկը նավթի զգալիորեն ավելի բարձր գներն էին ամբողջ աշխարհում, ինչը, իր հերթին, ուժեղացրեց գնաճը։
Վառելիքի արժեքի աճն արդեն ստիպել է ավիաընկերություններին բարձրացնել գները և կրճատել չվերթների քանակը։ Եվրոպայում ավիացիոն կերոսինի գները, որոնք մինչև հակամարտության սկիզբը պահպանվում էին մոտ 800 դոլար մեկ տոննայի դիմաց մակարդակի վրա, ապրիլին գերազանցել էին 1800 դոլարը։ Այժմ դրանք նվազել են մոտ 1450 դոլարի։
Virgin Atlantic-ը մայիսին տոմսերի արժեքի վրա սահմանել է վառելիքային հավելավճար։ Այն կազմել է 50 ֆունտ ստեռլինգ էկոնոմ դասի ուղևորների համար, 180 ֆունտ՝ պրեմիում էկոնոմ դասի, և 360 ֆունտ՝ բիզնես դասի համար։
Virgin Atlantic-ի ղեկավար Քորնիլ Քոսթերը BBC-ին ասել է, որ վառելիքի գների ներկայիս մակարդակի պայմաններում նման հավելավճարները «խիստ անհրաժեշտ են»։ Ըստ նրա, Մերձավոր Արևելքում իրավիճակն առայժմ լավատեսության հիմքեր չի տալիս։
Մյուս ավիաընկերությունները նույնպես հակամարտության սկսվելուց հետո կրճատել են չվերթները և բարձրացրել գները։ Teneo խորհրդատվական ընկերության գնահատմամբ, ապրիլին Իրանի հետ պատերազմը հանգեցրել է ավիատոմսերի արժեքի մոտ 25% աճի։
Միաժամանակ Virgin Atlantic-ը չի նախատեսում զգալիորեն կրճատել ձմեռային ժամանակացույցը և ակնկալում է իրականացնել նախատեսված չվերթների մոտ 95%-ը։ Ընկերությունը թույլ է տալիս միայն կետային կրճատում երթուղիներում հաճախականության մասով՝ ցածր պահանջարկի դեպքում։
Բրենսոնն այս հայտարարություններն արել է այն ֆոնին, երբ Virgin Atlantic-ը հայտարարել է 2028 թվականի Խաղերի համար բրիտանական օլիմպիական և պարալիմպիկ հավաքականներին Լոս Անջելես տեղափոխելու պայմանագիր կնքելու մասին։ Ավելի վաղ այդ պայմանագիրը պատկանում էր British Airways-ին։





























