Ազգությամբ ռուս երիտասարդ մի կին մայիսի 15-ին կուրծքը մեծացնելու պլաստիկ վիրահատության ժամանակ մահացել է:
Մագնիտոգորսկի 25-ամյա բնակչուհի Եկատերինա Կլեմենտեւան ցանկացել է մեծացնել կուրծքը, բայց վիրահատության ժամանակ սրտի աշխատանքը դադարել է:
Աղջիկն ամուսնուն զգուշացրել է, որ պառկելու է Բժիշկ Մարկովի պլաստիկ վիրաբուժության կլինիկայում: Նա ասել է, որ կանջատի հեռախոսը, այդ պատճառով էլ, երբ երեկոյան նրա հեռախոսը չի պատասխանել, ամուսինը չի անհանգստացել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Մայիսի 16-ի առավոտյան ամուսնուն զանգահարել է պլաստիկ վիրաբույժ Վիկտոր Մարկովը եւ հաղորդել, որ Եկատերինան վերակենդանացման բաժանմունքում է, նրա սիրտը կանգնել է:
Պլաստիկ վիրաբուժության կլինիկայում բժիշկները հարազատներին բացատրել են, որ անզգայացնելիս հիվանդի մոտ անաֆիլակտիկ շոկ է սկսվել: Տեղի է ունեցել սրտի կանգ:
Բժիշկները հավաստիացրել են, որ արել են ամեն հնարավորը նրա կյանքը փրկելու համար, սակայն հարազատները չեն կարողանում հասկանալ: Վիրահատությունն սկսվել է ցերեկը ժամը երեքին, այնինչ հիվանդին վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել երեկոյան ժամը տասին: Պարզ չէ, թե այդ յոթ ժամվա ընթացքում բժիշկներն ինչ են արել հիվանդին:




























