ԱՄՆ-ն 2026 թվականի սկզբից Մեքսիկայի հետ սահմանի մոտ խոցել է ավելի քան 300 անօդաչու թռչող սարք, որոնք կապված էին թմրակարտելների գործունեության հետ, հայտնում է ԱՄՆ-ի Հյուսիսային հրամանատարությունը (USNORTHCOM)։
Միայն օգոստոսին ոչնչացվել է ավելի քան 100 դրոն։ Միաժամանակ ամերիկացի զինվորականները չեն հստակեցրել, թե քանի սարք է խոցվել ԱՄՆ տարածքում, և քանիսը՝ սահմանի մեքսիկական կողմում։
USNORTHCOM-ում հայտարարել են, որ անդրազգային հանցավոր կազմակերպությունները անօդաչու սարքերն օգտագործում են անօրինական գործունեությանը նպաստելու համար, այդ թվում՝ մաքսանենգության, ինչպես նաև իրավապահ մարմինների աշխատակիցների և զինծառայողների նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով։
Օգոստոսի վերջին ամերիկացի զինվորականներն առաջին անգամ հարավային սահմանին կիրառել են AMP-HEL բարձր էներգիայի լազերային համակարգը։ Դրա օգնությամբ ոչնչացվել է կարտելների հետ կապված 11 անօդաչու սարք։ Ընդհանուր առմամբ, տարեսկզբից դրոնների դեմ պայքարում կիրառվել են ինչպես կինետիկ, այնպես էլ ոչ կինետիկ միջոցներ։
Մեքսիկայի պաշտպանության նախարար Ռիկարդո Տրևիլյան հայտարարել է, որ անօդաչու սարքերը հիմնականում օգտագործվում են անօրինական միգրանտներ տեղափոխողների կողմից՝ սահմանի այն հատվածները որոնելու համար, որտեղ ուժայիններ չկան։
Սակայն կարտելները դրոններ են կիրառում նաև մրցակից խմբավորումների և իշխանությունների ներկայացուցիչների վրա հարձակումների ժամանակ։
Անցյալ տարվա հոկտեմբերին մեքսիկական Տիխուանա քաղաքում պայթուցիկով անօդաչու սարքը հարձակվել էր դատախազության շենքի վրա։ Արդյունքում շենքը վնասվել էր, սակայն ոչ ոք չէր տուժել։



























