Ֆրանսիացի նկարիչ Ժյուլ-Էժեն Լենեպվյոյի ժառանգը ձգտում է հանրությանը վերադարձնել Փարիզի օպերայի առաստաղի բնօրինակ որմնանկարը, որը 1964 թվականից ծածկված է Մարկ Շագալի հայտնի աշխատանքով, գրում է Le Monde-ը։
Առնո Կարայոնը՝ Լենեպվյոյի ծոռի ծոռի ծոռի ծոռը և նկարչի բարեկամների ընկերության նախագահը, այս հարցով դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և դիտարկում է դատական գործընթաց սկսելու հնարավորությունը։
Լենեպվյոն ստեղծել է «Մուսաները և օրվա ու գիշերվա ժամերը» որմնանկարը 1869–1871 թվականներին՝ Փարիզի օպերայի շենքի հեղինակ ճարտարապետ Շառլ Գառնյեի պատվերով։ Աշխատանքը կատարվել էր անմիջապես գմբեթի պղնձե թիթեղների վրա և համապատասխանում էր Երկրորդ կայսրության ոճին։

1960-ականներին Ֆրանսիայի մշակույթի նախարար Անդրե Մալրոն առաջարկել է Մարկ Շագալին ստեղծել նոր առաստաղ՝ Օպերայի ինտերիերը արդիականացնելու համար։ Շագալի 24 կտավներից կազմված աշխատանքը տեղադրվել է Լենեպվյոյի որմնանկարի վրա՝ հատուկ շարժական կառուցվածքի միջոցով, և 1964 թվականին բացվել է հանրության համար։
Միևնույն ժամանակ Լենեպվյոյի բնօրինակ աշխատանքը պահպանվել է, իսկ դրա գեղարվեստական և պատմական արժեքը պաշտոնապես ճանաչված է․ այն 1923 թվականից պահպանվում է որպես պատմական հուշարձան։ Այսօր Շագալի առաստաղը դարձել է շենքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը. միայն վերջին սեզոնին այն տեսել է մոտ 1,3 մլն այցելու։
Կարայոնը Մակրոնին առաջարկել է փոխզիջում՝ հերթափոխով ցուցադրել երկու առաստաղներն էլ, օրինակ՝ դրանք փոխել յուրաքանչյուր տասը տարին մեկ։ Ելիսեյան պալատից նրան պատասխանել են, որ նախագահը «հատկապես ուշադիր» է այս նախաձեռնության նկատմամբ։





























