Եվրոպան Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական հակամարտության դեպքում չի կարողանա դիմանալ տևական հյուծող պատերազմին, քանի որ եվրոպական հասարակությունը բավարար չափով պատրաստ չէ երկարատև դիմակայության։ Այս մասին խոսել են զինվորականներն ու պաշտոնյաները Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, գրում է The Guardian-ը։
Քննարկման մասնակիցների կարծիքով, ՆԱՏՕ-ն ստիպված է ելնել այն կանխավարկածից, որ հասարակությունը կարող է չաջակցել երկարատև պատերազմին, և այդ պատճառով պլանավորել հակամարտությունը որպես համեմատաբար կարճ։ Մեծ Բրիտանիայի նախկին նախարարներից մեկը խոստովանել է, որ Արևմուտքը վատ է բացատրել բնակչությանը Ռուսաստանի հետ հիբրիդային դիմակայության մասշտաբը։
Եվրոպացի ներկայացուցիչները նաև մտահոգություն են հայտնել, որ Մոսկվան հաջողությունների է հասնում, այսպես կոչված, հիբրիդային պատերազմում՝ օգտագործելով կիբերհարձակումներ, ապատեղեկատվություն, սոցիալական ցանցեր և այլ գործիքներ՝ եվրոպական հասարակության վրա ազդելու համար։ Նրանց կարծիքով, Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և Լեհաստանում աջ պոպուլիստական կուսակցությունների աճող ժողովրդականությունը կարող է բարդացնել եվրոպական պաշտպանության հետագա ուժեղացումը։
Այս ֆոնին քննարկվում է եվրոպական հինգ խոշորագույն ռազմական տերությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Լեհաստանի միջև ավելի սերտ պաշտպանական համակարգման ստեղծումը։ Երկրներն արդեն անցկացնում են պաշտպանության նախարարների հանդիպումներ և դիտարկում են ՀՕՊ և ՀՀՊ համակարգերի, հեռահար բարձր ճշգրտության զենքերի և տիեզերական վաղ նախազգուշացման համակարգերի համատեղ գնումներ, որոնք այժմ մեծապես ապահովվում են ԱՄՆ-ի կողմից։
Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը հայտարարել է, որ Եվրոպան բախվում է «հսկայական և գոյութենական մարտահրավերների», որոնք պահանջում են ավելի սերտ ինտեգրում պաշտպանության ոլորտում։ Միևնույն ժամանակ, առաջիկա ամիսներին սպասվում են Վաշինգտոնի որոշումները Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության ապագայի վերաբերյալ։
Խնդիրը հատկապես սուր է ընկալվում Իտալիայում։ ԱԳ նախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ երկիրն ամեն օր ենթարկվում է կիբերհարձակումների և ապահովագրված չէ 2027 թվականի ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությունից։ Պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետտոն, իր հերթին, զգուշացրել է, որ Եվրոպան «թափանցիկ» է ռուսաստանյան ազդեցության համար՝ սոցիալական ցանցերի, բոտերի և այլ գործիքների միջոցով։




























