Հունգարիայի Զալաէգերսեգ քաղաքի մերձակայքում իրար են բախվել լեհ ուխտավորներին փոխադրող զբոսաշրջային ավտոբուսն ու կցորդով բեռնատարը։ Վեց մարդ թեթև վնասվածքներ է ստացել, հայտնում է հունգարական MTI գործակալությունը։

Վթարը տեղի է ունեցել գիշերը ժամը մեկի սահմաններում՝ Կեմենֆա բնակավայրի մոտակայքով անցնող 86-րդ ավտոճանապարհին։ Ավտոբուսում եղե; է 53 լեհ զբոսաշրջիկ։

Նախնական տվյալներով՝ ավտոբուսը Ռեդիչից ընթանալիս է եղել դեպի Կերմենդ, երբ ճանապարհին հանկարծակի ոչխար է հայտնվել։ Վարորդը ստիպված է եղել կանգնել ճամփեզրին և միացնել վթարային ազդանշանը։ Սակայն հետևից ընթացող հունգարական բեռնատարի վարորդն ուշ է նկատել կանգնած ավտոբուսը և բախվել դրան։

Պատահարի հետևանքով թեթև վնասվածքներ են ստացել բեռնատարի վարորդն ու ավտոբուսի հինգ ուղևոր։ Փրկարարներն ապահովել են դեպքի վայրի անվտանգությունը և կազմակերպել մարդկանց տեղափոխումը։ Քանի որ ավտոբուսն անսարք է դարձել, չվնասված զբոսաշրջիկներին տեղափոխել են Զալաէգերսեգի մարզադահլիճ, որտեղ նրանք սպասել են փոխարինող տրանսպորտին։

Առավոտյան խմբին ուղեկցող երկու լեհ քահանաները պատարագ են մատուցել ուխտավորների համար։

Այս վթարը տեղի է ունեցել Հունգարիայում լեհ ուխտավորների մասնակցությամբ մեկ այլ խոշոր ողբերգությունից ընդամենը շաբաթներ անց։ Օգոստոսի 16-ին M3 ավտոմայրուղու Մեզյոկերեշտեշ հատվածում շրջվել էր լեհ զբոսաշրջիկների ավտոբուսը։ Այդ ժամանակ զոհվել էր 12 մարդ, ևս մի քանիսն ստացել էին ծանր մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության նախնական տվյալներով՝ վարորդը քնել էր ղեկին։ Նրան ձերբակալել են, և հարուցվել է քրեական գործ՝ անզգուշությամբ զանգվածային մահ պատճառելու հատկանիշներով։