Վիետնամի պատերազմի վետերանները, որոնք դեմ են Վաշինգտոնում հաղթական կամար կանգնեցնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերին, դատարանից պահանջել են անհապաղ արգելանք դնել ապագա կառույցի տեղանքում վարչակազմի նախապատրաստական աշխատանքների վրա, հայտնում է The Hill-ը։

Մայքլ Լեմոնը, Շոն Բիրնսը, Ջոն Գունդերսենը և ճարտարապետության պատմաբան Քոլդեր Լոտը ժամանակավոր դատական արգելքի մասին հայց են ներկայացրել այն բանից հետո, երբ ԱՄՆ ներքին գործերի նախարար Դագ Բուրգումը հայտարարել է, թե տարածքում նախապատրաստական գործընթացը կսկսվի երկու շաբաթվա ընթացքում։

Հայցվորները պնդում են, որ Թրամփի վարչակազմն ապօրինաբար է առաջ մղում նախագիծը՝ առանց Կոնգրեսի համապատասխան թույլտվության։ Նրանց համոզմամբ՝ մայրաքաղաքի դաշնային տարածքներում նմանատիպ հուշահամալիրներ տեղադրելու որոշումը պետք է կայացվի օրենսդիրների պարտադիր մասնակցությամբ։

Չորս հայցվորներն առաջին անգամ դատարան էին դիմել փետրվարին՝ փորձելով կասեցնել շուրջ 76 մետր բարձրությամբ կամարի շինարարությունը։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ այն դառնալու է աշխարհում ամենախոշոր հաղթական կամարը։ ԱՄՆ ազգային պարկերի ծառայությունը վերջերս հավանություն էր տվել Մեմորիալ քրքլի շրջանում շինարարության նախատեսվող տեղանքին, որը գտնվում է Պոտոմակ գետի հակառակ ափին՝ Լինքոլնի հուշահամալիրի դիմաց։

Վետերաններն ու ճարտարապետության պատմաբանը նաև գտնում են, որ ծավալուն կառույցը կխաթարի Լինքոլնի հուշահամալիրի, Արլինգթոնի ազգային գերեզմանատան և Արլինգթոն Հաուսի միջև պատմականորեն ձևավորված տեսանելիությունը։ Օգոստոսի սկզբին Ազգային պարկերի ծառայությունը եզրակացրել էր, որ նախագիծը կարող է բացասաբար անդրադառնալ մի շարք պատմական օբյեկտների և Վաշինգտոնի ընդհանուր համայնապատկերի վրա։

Հայցվորների փաստաբանները հայտարարել են, որ վարչակազմը փորձում է արագացնել նախագծի իրականացումը և ստեղծել կատարված փաստի առաջ կանգնեցնող իրավիճակ, նախքան շրջանային դատավոր Թանյա Չատկանը կորոշի շինարարության օրինականության հարցը։

Միևնույն ժամանակ վարչակազմը պարզաբանել է, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում նախատեսված աշխատանքները բուն շինարարության մեկնարկը չեն։ Խոսքը չորս փորձնական պեղումների միջոցով տարածքի հնագիտական ուսումնասիրության մասին է, ինչն անհրաժեշտ է պատմամշակութային ժառանգության պահպանության պահանջները ապահովելու համար։

Ավելի վաղ դատավոր Չատկանը պարտավորեցրել էր վարչակազմին շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն 14 օր առաջ տեղյակ պահել դատարանին։

Կամարի նախագիծը ստացել է Մայրաքաղաքի պլանավորման ազգային հանձնաժողովի նախնական հավանությունը, սակայն վերջնական թույլտվությունը դեռևս չի տրվել։ Միաժամանակ շարունակվում է պատմական ժառանգության պահպանության մարմինների հետ նախագծի համաձայնեցման ընթացակարգը։