Իտալական Leonardo պաշտպանական ընկերությունը մինչև 2026 թվականի վերջը Ուկրաինայում կսկսի Michelangelo Dome իր բազմամակարդակ ՀՕՊ համակարգի փորձարկումները։ Այս մասին Il Sole 24 Ore թերթին տված հարցազրույցում հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Լորենցո Մարիանին։

Փորձարկումների առաջին փուլում ուշադրության կենտրոնում կլինի համակարգի այն բաղադրիչը, որը նախատեսված է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար։ Մարիանին այն անվանել է օդային սպառնալիքներից պաշտպանության ավելի մասշտաբային համալիրի կարևոր, բայց ոչ միակ հատվածը։

Michelangelo Dome-ը մտահղացված է որպես հակաօդային պաշտպանության միասնական ճարտարապետություն, որն ունակ է դիմակայել օդային սպառնալիքների տարբեր տեսակներին, այլ ոչ թե որպես սպառազինության առանձին համալիր։

Leonardo-ն վերջերս դուստր ձեռնարկություն է ստեղծել Ուկրաինայում, որը հիմնականում զբաղվելու է հետազոտություններով ու մշակումներով, ինչպես նաև երկրում ընկերության ներկայության ընդլայնմամբ։

Մարիանին նշել է, որ Եվրոպայում ընթացող պատերազմի մի քանի տարիները եվրոպական երկրներին թույլ են տվել ավելի լավ հասկանալ քաղաքացիական բնակչության համար առկա սպառնալիքների բնույթը։ Միևնույն ժամանակ նա նախազգուշացրել է, որ աշխարհամասի պաշտպանական արդյունաբերությունը նախկինի պես չափազանց մասնատված է։ Նրա կարծիքով՝ Եվրոպան պետք է ավելի շատ համատեղ պաշտպանական ծրագրեր զարգացնի։

Leonardo-ի ղեկավարը նաև դրական է գնահատել ԵՄ SAFE 150 միլիարդ եվրոյի վարկային մեխանիզմը՝ այն անվանելով գոյություն ունեցող արդյունաբերական գործընկերությունների ամրապնդման և ընդլայնման գործիք։

Խոսելով ԱՄՆ-ի հետ համագործակցության մասին՝ Մարիանին նշել է, որ ամերիկյան շուկան ավելի քան 20 տարի շարունակում է մնալ Leonardo-ի հիմնական ուղղություններից մեկը։

Մասնավորապես, նա առանձնացրել է DRS ստորաբաժանումը, որը, նրա խոսքով, դարձել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոշոր մատակարար, ինչպես նաև ուղղաթիռաշինության և էլեկտրոնիկայի ոլորտում ընկերության ամերիկյան ուղղությունները։

Առանձին Մարիանին պատմել է թուրքական Baykar-ի հետ համատեղ անօդաչուների նախագծի մասին։ Իտալիայի ՌՕՈՒ-ի համար այժմ պատրաստվում է TB3 երեք համալիր, որոնցից երկուսն արդեն ինտեգրված են Ռոնտի դեի Լեջոնարիի ավիաբազայում։

Երրորդ ապարատը համալրում են ավելի ժամանակակից սենսորներով, դրա մատակարարումը նախատեսված է մինչև տարեվերջ։ Բացի այդ, գործընկերները մտադիր են նավից անօդաչուների հնարավորությունների ցուցադրություն անցկացնել և արդեն մասնակցում են երրորդ երկրների շուկաներում իրականացվող համատեղ մրցույթներին։