Ուկրաինան չի սատարել ՄԱԿ-ի ԳԱ բանաձևը, որով առաջարկվում էր աշխարհի տարածաշրջանների չափերն ավելի ճշգրիտ պատկերել. պատճառը «Հարթ Երկիր» (Equal Earth) քարտեզագրական պրոյեկցիայի կիրառումն է։ Ուկրաինական պատվիրակության կարծիքով, այն սխալ է պատկերում Ղրիմը և Ուկրաինայի այլ տարածքներ, որոնք գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ, տեղեկացնում է РБК-Украина-ն։
Ուկրաինական պատվիրակությունը հայտարարել է, որ Կիևը պաշտպանում է նախաձեռնության հիմնական գաղափարը՝ հրաժարվել քարտեզագրական աղավաղումներից, որոնց պատճառով Աֆրիկան և Գլոբալ Հարավի այլ տարածաշրջաններ տեսողականորեն ավելի փոքր են երևում, քան իրենց իրական չափերն են։ Սակայն Ուկրաինան չի կարողացել աջակցել փաստաթղթին՝ դրա տեքստում ներառված կոնկրետ պրոյեկցիայի պատճառով։
Ուկրաինական կողմի պնդմամբ, օգտագործվող պրոյեկցիան առանձնացնում է Ղրիմը Ուկրաինայի մնացած տարածքից և այդպիսով, ըստ Կիևի, ստեղծում է պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին անհամատեղելի պատկեր։ Պատվիրակությունը նաև նշելէ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և Ղրիմի բռնակցումը չճանաչելուն վերաբերող բանաձևերի հետ հակասության մասին։
Ուկրաինացի դիվանագետները հայտնել են, որ փորձել են բանաձևի հեղինակների հետ համաձայնեցնել փոխզիջումային ձևակերպում, սակայն պայմանավորվել չի հաջողվել։ Կիևում զգուշացրել են, որ քարտեզներում պատմական աղավաղումները վերացնելու ձգտումը չպետք է հանգեցնի քաղաքական սահմանների նոր վիճահարույց մեկնաբանությունների։
Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Կիրա Ռուդիկը նույնպես քննադատել է փաստաթուղթը՝ հայտարարելով, որ ՄԱԿ-ը «չպետք է հիշեցման կարիք ունենա» այն մասին, որ Ղրիմը պատկանում է Ուկրաինային։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աջակցած նախաձեռնությունը նախատեսում է մայրցամաքների և տարածաշրջանների հարաբերական չափերը ցուցադրելու ավելի ճշգրիտ եղանակների խթանում։ Ավանդական Մերկատորի պրոյեկցիան, որը ստեղծվել է 16-րդ դարում, էապես աղավաղում է տարածքների մակերեսները․ որքան տարածաշրջանը հեռու է հասարակածից, այնքան այն տեսողականորեն ավելի է մեծանում։ Արդյունքում Աֆրիկան նման քարտեզի վրա զգալիորեն ավելի փոքր է երևում, քան իր իրական չափերն են։
Բարեփոխման կողմնակիցները կարծում են, որ նման աղավաղումները ազդում են ոչ միայն աշխարհագրության ընկալման, այլև աշխարհի առանձին տարածաշրջանների նշանակության մասին պատկերացման վրա։ Միաժամանակ քարտեզագրության նկատմամբ սովորական մոտեցումը փոխելու դեմ ավելի վաղ հանդես էր եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։





























