Լիբանանի ֆինանսների նախարարության շենքը երկրի հարավում գտնվող Նաբաթիե քաղաքում վնասվել է իսրայելական հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնել է գերատեսչությունը՝ նշելով, որ անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել փաստաթղթերի պաշտպանության և աշխատանքի անընդհատությունն ապահովելու համար։

Նախարարության տվյալներով, վնասվել են պետական ֆինանսական գերատեսչության տարածքները։ Հարվածի հետևանքով տուժել է նաև մոտակայքում գտնվող ենթակառուցվածքը, այդ թվում՝ առևտրային օբյեկտները։

Կիրակի առավոտյան իսրայելական ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Նաբաթիե նահանգի շրջաններին։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով, երկրի հարավում տեղի ունեցած հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, ավելի քան 20-ը վիրավորվել են։

Հարվածներ են հասցվել նաև Նաբաթիեին և Արաբ-Սալիմ բնակավայրին։ Նաբաթիեում վնասվել է նաև նախկին Գանդուր հիվանդանոցը, որը մի քանի տարի արդեն չէր գործում։

Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցնում «Հեզբոլլահի» գործողություններին ի պատասխան։ Հարձակումները տեղի են ունենում՝ չնայած ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնագրին, որն ուժի մեջ էր մտել հունիսին։