Թուրքիայի որոշ քաղաքական գործիչներ չափազանց երեւակայում են, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում` պատասխանելով Սիրիայի հետ սահմանին բուֆերային գոտու եւ Սիրիայի կառավարող ռեժիմի շուտափույթ վախճանի մասին Էրդողանի արած հայտարարության վերաբերյալ հարցին:
Խոսելով այն մասին, թե ինչպիսին են Թուրքիայի շահերը Սիրիայում, Ասադը նկատել է, որ որեւէ շահ չկա, իսկ բազմաթիվ ազդեցիկ գործիչներ, ում հետ Սիրիան շփումներ է պահպանում, գիտակցում են երկրում իրավիճակը:
«Նրանք հասկանում են, որ տարածաշրջանում ցանկացած բարդ իրավիճակ ուղիղ կամ անուղղակի կազդի Թուրքիայի վրա: Քաոս, ահաբեկչություն, այդ ամենը կլինի Թուրքիայում եւ Սիրիայի շուրջ ցանկացած երկրում: Նրանք հասկանում են, բայց որոշ գործիչներ երեւակայում են եւ իրենց խելացի համարում: Դուք կարող եք ամենախելոքը լինել, կարող եք լավագույն համակարգիչն ունենալ, բայց եթե դրա մեջ վատ օպերացիոն համակարգ է, նրանից բարդ է ինչ-որ բան սպասել»,- ասել է Ասադը:
Նա նաեւ նշել է, թե Թուրքիայի որոշ քաղաքական ինստիտուտներ օգնում են սիրիական ընդդիմությանը:




























