Չինաստանը շուրջ 360 մլրդ յուան (54 մլրդ դոլար) կուղղի խոշորագույն պետական բանկերի և ապահովագրական ընկերությունների կապիտալի ավելացմանը, հայտնում է South China Morning Post-ը։
Լայնածավալ միջոցառումը կոչված է ամրապնդելու երկրի ֆինանսական համակարգը, բարձրացնելու դրա դիմակայունությունը ռիսկերին և աջակցելու տնտեսությանը՝ աճի վրա պահպանվող ճնշման պայմաններում։
Միջոցների խոշորագույն ստացողների թվում են Չինաստանի Արդյունաբերական և առևտրային բանկը (ICBC) և Չինաստանի Գյուղատնտեսական բանկը, որոնք նախատեսում են ներգրավել համապատասխանաբար մինչև 100 մլրդ և 160 մլրդ յուան՝ նոր բաժնետոմսերի տեղաբաշխման հաշվին։ Միջոցները կուղղվեն առաջին մակարդակի կապիտալի համալրմանը, ինչը բանկերին թույլ կտա մեծացնել կայունության պաշարը և շարունակել տնտեսության վարկավորումը։
Եվս 30 մլրդ յուան կստանա Չինաստանի Արտահանման-ներմուծման բանկը։ Ապահովագրական ընկերություններից China Life Insurance-ը կստանա 35 մլրդ յուան, China Taiping Insurance-ը՝ 7 մլրդ, իսկ Չինաստանի ժողովրդական ապահովագրական ընկերությունը նախատեսում է ներգրավել մինչև 15 մլրդ յուան։ China Export & Credit Insurance Corporation-ը կստանա 10 մլրդ յուան, China Reinsurance-ը՝ 3 մլրդ։
Վերլուծաբանների գնահատմամբ, պետական ֆինանսական հաստատություններում այսքան լայնածավալ կապիտալի ներարկումը Չինաստանի համար հազվադեպ երևույթ է։ Պեկինյան Chanson & Co ներդրումային ընկերության տնօրեն Շեն Մենգը նշել է, որ երկրի ղեկավարության վերջին նիստերում կոչ էր արվել վարել ավելի ակտիվ բյուջետային քաղաքականություն՝ տնտեսական աճի վրա ճնշմանը հակազդելու համար։
«Ֆինանսական հաստատություններում կապիտալի ներարկումները այս բյուջետային գործիքակազմի մի մասն են», — ասել է նա՝ հավելելով, որ միջոցառումը պետք է ոչ միայն նվազեցնի բանկերի և ապահովագրողների գործառնական ու կարգավորիչ ռիսկերը, այլև խթանի ներդրումներն ու սպառումը։
Միաժամանակ Չինաստանը ձգտում է ամրապնդել յուանի դիրքերը և երկիրը վերածել համաշխարհային ֆինանսական կենտրոնի։ Իշխանությունները նաև հույս ունեն բարձրացնել պետական բանկերի և ապահովագրողների կարողությունը՝ տնտեսությանն աջակցելու և չինական կապիտալի ներկայությունն արտերկրում ընդլայնելու համար։
Բանկային հատվածի վրա հավելյալ ճնշում է գործադրում վարկերի թույլ պահանջարկը և տոկոսային մարժայի նվազումը։ 2026 թվականի առաջին եռամսյակում չինական բանկերի միջին զուտ տոկոսային մարժան իջել է գրեթե մինչև 1,4%՝ հասնելով ռեկորդային ցածր մակարդակի։
Լայնածավալ վերակապիտալացումը կապված է նաև խոշորագույն բանկերի նկատմամբ կիրառվող միջազգային պահանջների հետ։ Խոսքը, մասնավորապես, TLAC նորմատիվների մասին է, որոնք նախատեսում են կապիտալի բավարար ծավալի առկայություն՝ լուրջ ֆինանսական ճգնաժամի դեպքում կորուստները ծածկելու համար՝ առանց պետության ուղղակի փրկարար միջամտության։




























