Ճիշտ կլինի, որ քաղաքական կոալիցիան շարունակի իր աշխատանքները: Այս մասին, այսօր` մայիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, հավելելով, որ այս պահին դեռ ոչինչ հստակեցված չէ, բայց մինչեւ առաջիկա ԱԺ նիստը (մայիսի 31-ին-խմբ) հստակեցում կմտցվի:

Գ. Սահակյանը նշեց, որ այդ հարցի առնչությամբ Էդուարդ Շարմազանովի ասածին ավելացնելու ոչինչ չունի, քանի որ նա կուսակցության պաշտոնական տեսակետն է ներկայացրել:

«Թաքուն քննարկումնե՞ր կան, բոլորին հետաքրքրում է Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին հանդիպել է, թե` ո՞չ: Ամեն պահի այդ հանդիպումները կարող են լինել, քանի որ դրանք առաջատար քաղաքական ուժերն են»,- ընդգծեց Գալուստ Սահակյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում կոալիցիա կազմելու հարցը չի քննարկվել: Շարմազանովի խոսքով, Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի ղեկավարների, այդ թվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ եւ այդ հանդիպումները շարունակվում են:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի