Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է «ավարտին հասցնել Իրանի ռեժիմի տապալման առաքելությունը»՝ հավելելով, որ դրա «վերջը մոտ է», հաղորդում է The Times of Israel-ը։
«Իրանի ռեժիմը թույլ է, այն պայքարում է իր կյանքի համար, այն երերում է», — ասել է Նեթանյահուն իր գրասենյակի կողմից հրապարակված տեսաուղերձում՝ կառավարության նիստից հետո, հրեական Նոր տարվա՝ Ռոշ հա-Շանայի նախօրեին։
Իսրայելի վարչապետը նաև նախազգուշացրել է Թեհրանին Իսրայելի վրա հնարավոր հարձակման հետևանքների մասին։ Ըստ նրա, եթե Իրանը «սխալվի» և հարված հասցնի, ապա կբախվի պատասխանի, «որը նույնիսկ չի կարող պատկերացնել»։
Նեթանյահուի հայտարարությունները հնչել են այն մտավախությունների ֆոնին, որ Իրանը կարող է փորձել հարձակվել Իսրայելի վրա հրեական տոների ընթացքում, որը սկսվում է հաջորդ շաբաթ Ռոշ հա-Շանայով։
Հինգշաբթի Նեթանյահուն արդեն իսկ Իրանի ռեժիմի տապալումը անվանել էր Իսրայելի «կենտրոնական խնդիր»։ Նա նաև պնդել էր, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակումից հետո իսրայելական ռազմական գործողությունները թույլ են տվել թուլացնել Իրանի կողմից եկող միջուկային և հրթիռային սպառնալիքները։




























