Եվրամիությունը մտադիր է ամրապնդել համագործակցությունը Գրենլանդիայի հետ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ արկտիկական կղզու նկատմամբ վերահսկողություն հաստատելու պահանջների ֆոնին։ Կիրակի, երկօրյա այցով, Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկ է ժամանել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հաղորդում է dpa-ն։
Երկուշաբթի սպասվում է ԵՄ-ի և Գրենլանդիայի միջև գործընկերության խորացման մասին համատեղ հռչակագրի ստորագրումը։ Բացի այդ, Եվրամիությունը մտադիր է հայտարարել կղզում նոր ներդրումների մասին․ խոսքը հարյուր միլիոնավոր եվրոների մասին է։ Մասնավորապես, Financial Times-ի տվյալներով, ֆոն դեր Լայենը կարող է հայտարարել լրացուցիչ 200 մլն եվրոյի ֆինանսավորման մասին։
Նուուկ ժամանելուց հետո ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ իր այցը կոչված է ամրապնդելու ԵՄ-ի և Գրենլանդիայի միջև եզակի գործընկերությունը։ «Մենք ընտանիք ենք», — գրել է նա սոցիալական ցանցերում։
Օդանավակայանում Եվրահանձնաժողովի նախագահին դիմավորել են Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը և Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը։ Նիլսենը այցն անվանել է սերտ բարեկամության և լավ գործընկերության վկայություն, որը կողմերը մտադիր են հետագայում ևս զարգացնել։
Գրենլանդիան Դանիայի Թագավորության ինքնավար մաս է, սակայն Եվրամիության կազմում չէ։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ն կղզին դիտարկում է որպես կարևոր գործընկեր Արկտիկայում՝ այդ թվում նրա՝ ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների պաշարների և տարածաշրջանի աճող ռազմավարական նշանակության պատճառով։
Այցը տեղի է ունենում Թրամփի՝ Գրենլանդիայի նկատմամբ ամերիկյան վերահսկողություն հաստատելու անհրաժեշտության մասին բազմակի հայտարարությունների ֆոնին։ ԱՄՆ նախագահը իր պահանջները բացատրում է ազգային անվտանգության նկատառումներով և պնդում, որ Դանիան ի վիճակի չէ լիարժեք պաշտպանել կղզին Ռուսաստանի և Չինաստանի կողմից հնարավոր սպառնալիքներից։ Բացի այդ, Վաշինգտոնը շահագրգռված է կարևորագույն ռեսուրսների հարուստ հանքավայրերին հասանելիություն ստանալու հարցում։
Գրենլանդիայի բնակչությունը կազմում է մոտ 57 հազար մարդ։ Հուլիսին Թրամփը կրկին կղզու ապագայի հարցը կապել է Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության վերանայման հետ՝ թույլ տալով ԱՄՆ-ի ներդրման կրճատում Ռուսաստանի զսպման գործում, եթե Վաշինգտոնը չստանա Գրենլանդիայի վերաբերյալ իրեն բավարարող համաձայնություն։
Այս ֆոնին ԵՄ-ն ձգտում է մեծացնել կղզում իր տնտեսական և քաղաքական ներկայությունը։ Եվրահանձնաժողովն արդեն առաջարկել է 2028–2034 թվականների ԵՄ բյուջեի շրջանակում Գրենլանդիային հատկացնել 530 մլն եվրո, իսկ նոր ֆինանսավորումը պետք է ուղղվի նաև ռազմավարական կարևորություն ունեցող ռեսուրսներին, վերականգնվող էներգետիկային, ստորջրյա մալուխներին, արբանյակային կապին և ենթակառուցվածքների զարգացմանը։
Առանձին հարց է մնում Արկտիկայի անվտանգության վերաբերյալ համաձայնագիրը, որը ձեռք է բերվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի միջնորդությամբ հունվարին։ Այն նախատեսում էր յոթ արկտիկական դաշնակիցների՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և Իսլանդիայի համատեղ գործողություններ։ Սակայն առայժմ պարզ չէ, թե արդյոք Վաշինգտոնը դեռ իրեն կապված է համարում այդ պայմանավորվածություններով։




























