Բռնակցված Սևաստոպոլը սեպտեմբերի 6-ի ուշ երեկոյան ենթարկվել է ուկրաինական անօդաչու սարքերի հարձակման, հայտնել է Ռուսաստանի կողմից նշանակված քաղաքի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևը։ Նրա տվյալներով՝ հարձակման հետևանքով 2011 թվականին ծնված աղջիկը վիրավորվել է և մահացել շտապօգնության մեքենայում։ Եվս երեք մարդ է տուժել՝ 16-ամյա դեռահաս, 18-ամյա աղջիկ, ինչպես նաև մի տղամարդ։ Վերջինս գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Հարձակման ընթացքում մի քանի բազմաբնակարան շենքերում հարվածային ալիքի հետևանքով ապակիներ են կոտրվել, իսկ բակերում կանգնած մեքենաները վնասվել են բեկորներից։
Սեպտեմբերի 7-ի առավոտյան ժամը մոտ 5-ին անօդաչու սարքերը հարձակվել են Պերմի երկրամասի վրա։ Պերմի բնակիչները լսել են մի քանի պայթյուն, որից հետո քաղաքի շրջաններից մեկում հրդեհ է բռնկվել, գրում է «Осторожно, новости»-ն։ Ուկրաինական մոնիթորինգային Supernova+ ալիքի տվյալներով՝ հարձակման թիրախը եղել է «Լուկոյլ-Պերմնեֆտեօրգսինթեզ» նավթավերամշակման գործարանը (ՊՆՕՍ)։
Տարածաշրջանի իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանել դրոնների հարձակման հետևանքները։ Մինչ այդ գործարանը ենթարկվել էր հարվածի օգոստոսի 21-ին և դադարեցրել աշխատանքը կայաններից մեկի վնասման պատճառով, Reuters-ին ասել էին ոլորտի աղբյուրները։ Բացի այդ, Exilenova+ ալիքը հրապարակել է NASA FIRMS-ի արբանյակային լուսանկարներ, որոնք արձանագրել են հրդեհ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի ավիաբազայում։
Բացի այդ, այս գիշեր անօդաչու սարքերը հարձակվել են նաև Չուվաշիայի վրա։ Հանրապետության ղեկավար Օլեգ Նիկոլաևը հայտնել է բջջային կապի աշտարակի վնասման մասին։ Նրա տվյալներով՝ զոհեր և տուժածներ չկան։ «Խնդրում եմ պահպանել հանգստությունը և խստորեն հետևել անվտանգության միջոցներին»,- գրել է Նիկոլաևը տելեգրամում։ Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտարարել է, որ գիշերվա ընթացքում տարածաշրջանի վրա ոչնչացվել է 33 դրոն։ «Շրջաններից մեկում բեկորների ընկնելու հետևանքով բռնկվել է ոչ բնակելի շենք։ Նույն վայրում վնասվել են երեք բնակելի տուն, չորս ավտոմեքենա, տրակտոր և էլեկտրահաղորդման գծի հենասյուն»,- նշել է Գուսևը։ Նա հավելել է, որ հարձակման ընթացքում ոչ ոք չի տուժել։





























