Սեպտեմբերի 5-ին և 6-ին Երևանի «Holiday Inn Yerevan» հյուրանոցում անցկացվեց Հայաստանում իրանական կոշիկի առաջին միջազգային ցուցահանդեսը։ «IRAN LEATHER CONNECT»-ը հայկական շուկային ներկայացրեց կաշվե կոշիկների, պայուսակների և հարակից արտադրանքի արտադրողներին Թավրիզից՝ քաղաքից, որը արդեն երկար տասնամյակներ համարվում է Իրանի կոշիկի արդյունաբերության գլխավոր կենտրոններից մեկը։

Միջոցառումն անցկացվեց B2B ձևաչափով։ Երկու օրերի ընթացքում իրանցի արտադրողները հնարավորություն ստացան հանդիպելու հայկական դիստրիբյուտորների, մեծածախ վաճառողների և մանրածախ բիզնեսի ներկայացուցիչների հետ, քննարկելու մատակարարումներն ու տեղական շուկա արտադրանքի մուտքի հեռանկարները։

Կազմակերպիչներն էին Արևելյան Ադրբեջան նահանգի կոշիկ արտադրողների միությունը և «Major Wave Investment L.L.C.» ներդրումային ընկերությունը, որը պատասխանատու էր մարքեթինգի և շուկայի ուսումնասիրության համար։ Ցուցահանդեսի գաղափարը, ինչպես պարզաբանեցին մասնակիցները, ծնվել է երկու երկրների միջև վաղեմի առևտրային հարաբերությունները ավելի կոնկրետ գործարար համագործակցության վերածելու ձգտումից։

«Հաճելի է տեսնել, որ Հայաստանում նման ցուցահանդեսների անցկացումը կարող է կարևոր իրադարձություն դառնալ Հայաստանի և Իրանի առևտրային հարաբերությունների համար»,- նշել է իրանցի արտադրող և գործարար Ալիռեզա Ջաբբարյանը։
Ցուցահանդեսում առանձնահատուկ տեղ զբաղեցրեց Թավրիզի արտադրանքը։ Խոսքը միայն գործարանային արտադրության մասին չէր, այլ նաև կաշվի հետ աշխատանքի ավանդույթների և կոշիկների ու պայուսակների ձեռագործ արտադրության մասին։

«Իրանում կոշիկի արտադրությունն, ինչպես և դրա արտահանումը, շատ հին պատմություն ունի։ Երկար տարիներ Թավրիզը եղել է կոշիկի արտադրության և արտահանման հիմնական կենտրոններից մեկը»,- պատմել է Ջաբբարյանը։
Նրա խոսքով՝ թավրիզյան կոշիկը համադրում է որակն ու նրբագեղությունը և լիովին ունակ է մրցելու հայտնի արտադրողների արտադրանքի հետ։ Հենց այդ պատճառով, ինչպես պարզաբանել է գործարարը, որոշում է կայացվել ուսումնասիրել Հայաստանում ցուցահանդես անցկացնելու հնարավորությունը և տեղի բիզնեսին ներկայացնել Թավրիզի արտադրողներին։ «Ես անձամբ շատ ուրախ եմ, որ կարողացանք այստեղ ներկայացնել թավրիզյան կոշիկը»,- նշել է նա՝ խոսելով միջոցառման անցկացման մասին։

Ցուցահանդեսին մասնակցեցին տարածաշրջանի տարբեր արտադրողներ։ Կազմակերպիչների համար սա դարձավ առաջին քայլը դեպի այն, որ իրանական կոշիկը ավելի նկատելի ներկայություն ձեռք բերի հայկական շուկայում։
«Հույս ունենք, որ այս ցուցահանդեսը կդառնա առաջին քայլը, որպեսզի իրանական կոշիկը, մասնավորապես թավրիզյան կոշիկը, կարողանա գտնել իր շուկան Հայաստանում»,- հնչեց հանդիպման ընթացքում։

Ցուցահանդեսում առանձին անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի դերին հետագա առևտրային հարաբերություններում։ Ելույթ ունեցողների կարծիքով՝ երկրի ներուժը իրանական բիզնեսի համար չի սահմանափակվում ներքին շուկայով։ «Միշտ պետք է Հայաստանին նայել երկու տեսանկյունից»,- ընդգծել է Ջաբբարյանը։ Առաջինը բուն հայկական շուկան է, որը նա գնահատել է մոտ 3-4 միլիոն մարդ։ Երկրորդը՝ Հայաստանը որպես հարթակ օգտագործելու հնարավորությունն է՝ իրանական ապրանքները այլ երկրներ և տարածաշրջաններ հետագա արտահանման համար։




























