Եվրոպական միությունը առաջիկա երկու տարիներին 200 մլն եվրո կներդնի Գրենլանդիայում՝ տնտեսական կապերը խորացնելու և հումքի արդյունահանումն ավելացնելու նպատակով, Նուուկ պաշտոնական այցի ընթացքում հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հաղորդում է Euronews-ը։
«Մենք հասկանում ենք, որ Արկտիկան վերածվել է այն վայրերից մեկի, որտեղ բախվում են աշխարհաքաղաքականության տեկտոնական սալերը, ուստի մեզ համար միևնույն չէ, թե ինչ է տեղի ունենում այստեղ»։
Ֆինանսական փաթեթը կոչված է ընդլայնելու բլոկի ներկայությունը կիսաինքնավար տարածքում, որը վաղուց արդեն գտնվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուշադրության կենտրոնում։
Ֆոն դեր Լայենը նշել է, որ ներդրումային փաթեթը կբաշխվի երեք հիմնական ուղղություններով՝ թվային կապի զարգացում, ներառյալ ստորջրյա մալուխներն ու արբանյակային ենթակառուցվածքը, մաքուր էներգետիկա՝ հիդրոէներգետիկայի վրա հատուկ շեշտադրմամբ, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող հումքային ռեսուրսների արդյունահանում։
Գրենլանդիայում առկա են օգտակար հանածոների 34 տեսակներից 25-ը, որոնք Բրյուսելը կենսական կարևորություն ունեցող է համարում սեփական վերականգնվող էներգիայի համակարգերի և առաջատար տեխնոլոգիաների զարգացման համար։
Հանքանյութերը այն պատճառներից մեկն էին, որոնցով Թրամփը արդարացնում էր Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն սահմանելու իր սպառնալիքը։ Նա նաև դժգոհում էր, որ դաշնակիցները տարածաշրջանում բավարար միջոցներ չեն ներդնում։
Դանիայի Թագավորությունից Գրենլանդիան խլելու Թրամփի ձգտումը ցնցել էր տրանսատլանտյան դաշինքը։ Լարվածությունը գագաթնակետին հասավ հունվարին, երբ նա սպառնաց բարձր մաքսատուրքեր սահմանել՝ Դանիային տարածքից հրաժարվելուն հարկադրելու համար։ Ավելի ուշ նա հետ կանգնեց կոշտ քննադատության պատճառով։
Սակայն հուլիսին Թրամփը անսպասելիորեն վերադարձավ կղզին անեքսիայի ենթարկելու իր գաղափարին՝ հասկացնել տալով, որ այս թեման իր համար շարունակում է առաջնահերթ մնալ։





























