ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, մտադիր է թողարկել նոր մեմքոյն՝ այն անվանելով իր աղմկահարույց նոութբուքի պատվին, որը 2020 թվականին կոռուպցիոն մեծ սկանդալի կենտրոնում էր հայտնվել։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Նախկին նախագահ Ջո Բայդենի որդին մեմքոյն է թողարկում... Նա այն անվանել է Ամերիկայի քաղաքական պատմության մեջ ամենահայտնի անձնական համակարգչի պատվին: Բայդենի թոքենը շրջանառվելու է LAPTOP (անգլերենից՝ ծնկադիր համակարգիչ/նոութբուք) թիքերով և սկսելու է վաճառվել սեպտեմբերի 9-ից»,- գրում է պարբերականը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների։
Ըստ հրապարակման՝ մեմքոյնների 20%-ը տրամադրվելու է այն մարդկանց, ովքեր գումար են կորցրել Թրամփի հետ կապված TRUMP մեմքոյնով գործարքներում։ Եվս 30%-ը պատկանելու է LAPTOP-ի հիմնադիրներին, այդ թվում՝ հենց Բայդենին, ընդ որում՝ առաջին վեց ամսում դրանք վաճառելու իրավունք չի լինելու։
Հիմնադիրների համաձայնությամբ՝ LAPTOP-ի թողարկված ծավալի ևս 30%-ը կոչնչացվի, եթե որոշակի ժամանակահատվածում տեղի ունենան նախանշված 30 իրադարձությունները, օրինակ՝ 2028 թվականի ընտրություններում դեմոկրատ թեկնածուի հաղթանակը, բիթքոյնի նոր գնային ռեկորդը կամ եթե այս մեմքոյնի արժեքը գերազանցի նախագահի հետ կապված իր նմանակին։ Մնացած 20%-ն ուղղվելու է բարեգործությանը։
2020 թվականի հոկտեմբերին New York Post պարբերականը հրապարակել էր Հանթեր Բայդենին հասցեագրված նամակագրություն, որտեղ նշվում էր, թե նա իր հորը (երբ վերջինս զբաղեցնում էր ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը) ներկայացրել է ուկրաինական Burisma ընկերության իր գործատուներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այն ժամանակ պնդում էր, որ հոր հետ կապերն ու «մուտքն» ապահովելու լոբբիստական աշխատանքի դիմաց Բայդեն կրտսերը միլիոնավոր դոլարներ է ստացել։ Ըստ նրա՝ նամակագրությունը գտնվել էր Հանթեր Բայդենի համակարգչում, որը թողնվել էր Դելավեր նահանգի վերանորոգման կետերից մեկում։ Ավելի ուշ նույն համակարգիչը դարձավ նախագահի որդու աղմկահարույց անձնական լուսանկարների աղբյուր, որոնցում նա պատկերված էր թմրանյութերով և մարմնավաճառների հետ։





























