Մեծ Բրիտանիան մտադիր է արդեն երեքշաբթի հայտարարել Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող իսրայելական բնակավայրերի նկատմամբ տնտեսական սահմանափակումներ մտցնելու մասին, հայտնում է The Guardian-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդը կհայտարարի իսրայելական բնակավայրերում արտադրված ապրանքների առևտրի արգելքի մասին։

Միևնույն ժամանակ The New York Times պարբերականի աղբյուրները հայտնել են, որ հայտարարված միջոցները կարող են ներառել նաև պատժամիջոցներ այն ընկերությունների նկատմամբ, որոնք օգնում են բնակավայրերի կառուցմանը։

Իր հերթին Jerusalem Post-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ բացի բնակավայրերում արտադրված ապրանքների ներմուծման արգելքից, նոր միջոցները նաև հասցեական պատժամիջոցներ կներառեն իսրայելական կազմակերպությունների և մասնավոր անձանց նկատմամբ։

The Guardian-ը հավելում է, որ Միլիբենդը նաև մտադիր է հայտարարել պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման համար երկու պետության սկզբունքին աջակցության, ինչպես նաև պաղեստինցիների իրավունքների պաշտպանության և միջազգային իրավունքի նորմերի պահպանման անհրաժեշտության մասին։

Ակնկալվում է, որ խորհրդարանի անդամների առջև իր ելույթում Միլիբենդը, ավելի կոշտ, քան իր նախորդները, կմատնանշի այն «հումանիտար անարդարությունը», որի հետ բախվում են Գազայի հատվածի պաղեստինցիները։

Պարբերականը նշում է, որ Միլիբենդի միջամտությանը նախորդել է The Guardian-ի հրապարակած հարցումը, որը ցույց է տվել, որ բոլոր քաղաքական հայացքների բրիտանացիները «վճռականորեն կողմ են» իսրայելական բնակավայրերի հետ առևտրի արգելքին։

Opinium-ի անցկացրած հարցման համաձայն՝ Մեծ Բրիտանիայի չափահաս բնակչության միայն 18%-ն է դեմ իսրայելական բնակավայրերից ապրանքների առևտրի արգելքին։ Միևնույն ժամանակ 46%-ը «կողմ է»։

Իսրայելն արդեն արձագանքել է սպասվող հայտարարության մասին ԶԼՄ-ների հաղորդումներին։

Այսպիսով, Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը կոչ է արել երկրից արտաքսել Իսրայելում Մեծ Բրիտանիայի դեսպանին։

«Այսօր իսկ դուրս շպրտեք բրիտանական դեսպանին», - գրել է Սմոտրիչը X սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ «Իսրայելում բրիտանական մանդատն ավարտվել է»։

Նա Մեծ Բրիտանիային անվանել է «արմատական իսլամի կողմից զավթված երկիր, որը փորձում է փրկվել տնտեսական և սոցիալական անկումից՝ հարձակվելով հրեաների և Իսրայել պետության վրա»։

Իր հերթին Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը կոչ է արել Իսրայելին ճանաչել Արգենտինայի ինքնիշխանությունը վիճելի Մալվինյան (բրիտանական անվանումը՝ Ֆոլքլենդյան) կղզիների նկատմամբ և «պատժամիջոցներ սահմանել Մեծ Բրիտանիայի դեմ այնքան ժամանակ, քանի դեռ օկուպացիան շարունակվում է»։

Նա Լոնդոնին մեղադրել է կղզիների «բռնի զավթման» և «արգենտինացի ժողովրդի փողերի գողության» մեջ։