Մոտ երկու հազար տարի առաջ Էգեյան ծովի ափին գտնվող հռոմեական Ադրամիտտիոն քաղաքի մի հարուստ բնակիչ իր վիլլան զարդարել է շքեղ բազմագույն խճանկարով, հայտնում է Live Science-ը։

Դրա վրա պատկերված կենդանիների թվում հնագետները հայտնաբերել են Զմրուխտ անունով մի կատու և Օվկիանոս անունով մի շուն՝ հավանաբար տանտիրոջ սիրելի ընտանի կենդանիները։

Վիլլայի ավերակները հնագետները վերջերս հայտնաբերել են Թուրքիայում գտնվող ժամանակակից Ադրամիտտիոն քաղաքի տակ։ Հետազոտողներն այն թվագրում են մեր թվարկության 2-րդ դարի վերջով և 3-րդ դարով։ Շենքում եղել է երեք սրահ՝ տեղակայված կենտրոնական ատրիումի շուրջ, ինչպես նաև մի քանի օժանդակ սենյակներ և խողովակների ու ջրահեռացման բարդ համակարգ։

Ամենատպավորիչ գտածոն գտնվել է գլխավոր ընդունելության սրահում։ Այստեղ պահպանվել է մոտ 5 x 3,6 մետր չափերով խճանկարը, որը բաղկացած է 15 սալերից՝ դասավորված երեք շարքով։

Դրանց վրա պատկերված են թռչուններ, ձկներ և կատվազգիներ, ինչպես նաև դիցաբանական արարածներ՝ գորգոնա, ըստ ամենայնի, Մեդուզան, և թևավոր ձին, հնարավոր է՝ Պեգասը։ Կոմպոզիցիան ստեղծելու համար վարպետներն սպիտակ, սև, կարմիր, նարնջագույն, դեղին, վարդագույն, բոսորագույն, կապույտ, փիրուզագույն և կանաչ գույների քարե և ապակե տարրեր են օգտագործել։

Սակայն հատկապես ուշագրավ են անուններ տրված կենդանիներով երկու սալերը։

Առաջինում պատկերված է կապտականաչ բարձի վրա նստած բաց գույնի մի կատու։ Դրա վերևում շարված է հունարեն ΖΜΑΡΑΓΔΙΝ անունը, որը նշանակում է «զմրուխտ»։ Կենդանու հանգիստ կեցվածքն ու բարձը թույլ են տալիս ենթադրել, որ խոսքը կարող էր լինել հենց ընտանի կատվի մասին, այլ ոչ թե պատահականորեն պատկերված կենդանու։

Խճանկարի հակառակ կողմում պատկերված է վազող կամ ցատկող շունը։ Դրա կողքին գրված է ΩΚΕΑΝΟΣ՝ «Օվկիանոս»։ Հետազոտողները ենթադրում են, որ այդպիսի անունը կարող էր կապված լինել հենց Ադրամիտտիոնի հետ․ քաղաքը կարևոր նավահանգիստ էր Էգեյան ծովի ափին։

Զմրուխտ անվան ծագումը ևս կարող է կապված լինել վիլլայի տիրոջ առևտրային կապերի հետ։ Հին ժամանակներում հռոմեական Եգիպտոսում զմրուխտներ էին արդյունահանում, ուստի հետազոտողները կարծում են, որ տանտերն, ըստ ամենայնի, առևտրային կապեր ուներ Հյուսիսային Աֆրիկայի հետ։

Միաժամանակ հնագետները միանշանակ չեն պնդում, որ Զմրուխտն ու Օվկիանոսը հենց ընտանի կենդանիներ էին։ Հնարավոր է՝ կենդանիների պատկերներն ավելի լայն խորհրդանշական իմաստ ունեին։ Սակայն անունները վկայում են, որ դրանք լավ ծանոթ էին վիլլայի բնակիչներին և կարող էին որպես տան ու դրա տիրոջ պատկանելության յուրատեսակ նշաններ ծառայել։

Ադրամիտտիոնի պեղումները շարունակվում են։