Հայաստանը չի կարող հաշվի չնստել TRIPP նախագծի վերաբերյալ Իրանի դիրքորոշման հետ։ Սեպտեմբերի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ մեկնաբանելով NEWS.am-ի երեկվա հրապարակումը, համաձայն որի՝ Իրանը կոշտ պայման է դրել նախագծի ենթակառուցվածքների պահպանության հարցում։ Թեհրանը պահանջում է, որ դրանք լինեն կամ հայկական ուժերը, կամ տարածաշրջանում արդեն իսկ ներկայություն ունեցող երրորդ երկիրը, այսինքն՝ Ռուսաստանը։

Լևոն Քոչարյանը հիշեցրել է, որ դաշինքը բազմիցս է զգուշացրել հարցի զգայունության մասին։ «Իրանին չի կարող չմտահոգել TRIPP նախագիծը, հատկապես ԱՄՆ-ի հետ Իրանի սրված հարաբերությունների ֆոնին։ Չգիտեմ՝ որքանով է իրականությանը համապատասխանում այդ տեղեկությունը, բայց ըստ տրամաբանության՝ դա հնարավոր է։ Մնացածը ցույց կտա կյանքը։ Մենք չենք կարող հաշվի չառնել Իրանի դիրքորոշումն ու նրան մտահոգող կետերը»,- ընդգծել է Քոչարյանը։