ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը պետք է դիտարկել Հայաստանի իշխանությունների՝ այն բոլոր ուժային կենտրոնները թուլացնելու ձգտման տեսանկյունից, որոնք կարող են դիմադրություն ցույց տալ Հայաստանի շահերին հակասող հարցերում՝ լինեն դրանք Ռուսաստանի կամ Իրանի հետ հարաբերությունները, եվրոպական արժեքները, թե Թուրքիայի և Ադրբեջանի պահանջների կատարումը։ Սեպտեմբերի 8-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները ձգտում են ոչ միայն չեզոքացնել նմանատիպ ցանկացած կենտրոն՝ իր մարդկային ու ֆինանսական ռեսուրսներով, այլև տիրանալ այդ ռեսուրսների նյութական մասին։ Փաստաբանը հիշեցրել է, որ նախկինում նախաձեռնված գույքի բռնագանձման գործընթացը բախվել է իրավական լուրջ խնդիրների, այդ պատճառով իշխանությունները որոշել են գործել քրեական արդարադատության շրջանակներում։ Այս բոլոր գործընթացները սկզբից մինչև վերջ ապօրինի են, փաստերն անտեսվում են, և ամեն ինչ կառուցվում է համոզմունքների ու ենթադրությունների վրա։
Պատասխանելով կալանքը որպես խափանման միջոց ընտրելու իրավական հիմքերի մասին հարցին՝ Խուդոյանն ընդգծել է, որ անմեղ մարդուն չի կարելի կալանքի տակ պահել, դա հանցագործություն է։
Խուդոյանը հիշեցրել է, որ սահմանադրական կարգը խախտելու մեղադրանքով գործընթացի ժամանակ մեղադրանքն ընտրվել էր այնպես, որ հնարավորություն լիներ կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։ Նմանատիպ գործընթաց է տեղի ունենում նաև հիմա․ երկրորդ նախագահին փորձում են վերագրել գործողություններ, որոնք կապ չունեն Քոչարյանների ընտանիքի հետ՝ բացառապես վաղեմության ժամկետը շրջանցելու նպատակով։ Քննչական մարմինը վաղեմության ժամկետի հարցը բարձրացրել է այն ժամանակ, երբ փաստաբաններն այդ մասին դեռ չէին խոսում, նշել է Խուդոյանը՝ չբացառելով, որ դրանով փորձ է արվել ճնշում գործադրել դատարանի վրա։ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին փաստաբանը չի ցանկացել մանրամասնել՝ ընդգծելով միայն նրան բնորոշ ոգու ամրությունը։ Միևնույն ժամանակ, փաստաբանը նշել է որոշ սահմանափակումների մասին, օրինակ՝ Լևոն Քոչարյանի հետ տեսակցությունների մասով։ Որպես պատգամավոր՝ նա կարող է ավելի հաճախ այցելել հորը, սակայն ՔԿՀ-ում տեսնում են միայն ազգակցական կապը։ Պատասխանելով զինակիցների նկատմամբ նոր քրեական գործերի հնարավորության մասին հարցին՝ երկրորդ նախագահի որդին և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ոչինչ չի բացառել։ Մենք այն քաղաքական ուժն ենք, որը խոսքով և գործով ցույց է տվել, որ չի ենթարկվում ոչ մի ճնշման։ Ահա թե ինչու ենք մենք նրանց համար խնդիր, մենք գործարքների չենք գնում, նկատել է պատգամավորը։
Նույն խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարց է բարձրացրել, թե արդյոք որևէ մեկը կարող է ընդհանրապես բացատրել, թե ինչում է մեղադրվում Ռոբերտ Քոչարյանը։ Պատգամավորը արձանագրել է, որ նրան մեղադրում են 20 տարի առաջ կառավարության որոշումներ ստորագրելու մեջ, թեև ըստ օրենքի նա այլ կերպ վարվել չէր կարող և պարտավոր էր դա անել։ Մեղադրում են, թե ստորագրել է այն ակնկալիքով, որ 10-20 տարի անց որդին կկարողանա օգտվել դրանից, և սա նույնպես չի բացատրում կալանքը։ «Ամեն ինչ բացատրվում է նրանով, որ Հայաստանին լուրջ գործընթացներ են սպասվում, և Փաշինյանին անհրաժեշտ է կանխել դիմադրության օջախների ձևավորումը», — կրկնել է նախկինում հայտնած միտքը Խամոյանը։
Պատասխանելով գույքի արգելանքի՝ շարքային աշխատողների վրա ունեցած հետևանքների մասին հարցին՝ Լևոն Քոչարյանը անտրամաբանական է անվանել այն, որ բիզնեսը պարապուրդի է մատնված։ Միևնույն ժամանակ նա հավաստիացրել է, որ որևէ օբյեկտ հարկայինից ոչ մի դրամ չի թաքցրել։
Ագնեսա Խամոյանը նկատել է, որ սա նոր պրակտիկա է և սկսվել է Գագիկ Ծառուկյանի բիզնեսի հետապնդումից։ «Հիմա մենք տեսնում ենք, որ քաղաքական հետապնդումից տուժում են նախ և առաջ ոչ թե Ռոբերտ Քոչարյանը կամ նրա որդին, այլ շարքային քաղաքացիները։ Աշխատանք չկա, փոխարենը կա անորոշություն, և պարզ չէ, թե իրավական որ հիմքով է կալանք դրվել բիզնեսի վրա», — հայտարարել է Խամոյանը՝ հավելելով, որ դիմումներ է ուղարկել քննչական մարմիններին՝ հարցը պարզաբանելու համար։











