ԱՄՆ ռազմական հրամանատարությունը շարունակում է Իրանին սահմանակից մերձավորարևելյան ռազմաբազաներում մարտավարական ավիացիայի խոշոր խմբավորում պահել, որի կազմում կան ավելի քան 230 կործանիչ ու գրոհիչ, հայտնում է Military Air Tracking Alliance (MATA) ավիացիոն ռեսուրսը։
Itamilradar պորտալի տվյալներով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում ռոտացիայի շրջանակում փոխարինվում են Մերձավոր Արևելքում տեղակայված կործանիչների էսկադրիլիաները, սակայն դրանց ընդհանուր քանակը չի նվազում։
Ամերիկյան մարտական ինքնաթիռները նախկինի պես տեղաբաշխված են Հորդանանում (որտեղ տեղակայված է դրանց հիմնական մասը), Իսրայելում, Սաուդյան Արաբիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում։
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության տրամադրության տակ տարածաշրջանային բազաներում այժմ կա շուրջ 208 կործանիչ (այդ թվում՝ 65 միավոր F-35A/C, 64 միավոր F-15E, 61 միավոր F-16C, 12 միավոր F/A-18C/D և 6 միավոր EA-18G), ինչպես նաև 30 միավոր A-10 գրոհիչ։
Բացի այդ, Իրանից հարավ-արևելք՝ Արաբական ծովում մարտական հերթապահություն իրականացնող երկու ավիակիրների և մեծ վայրէջքային ավիանավի վրա տեղակայված է ևս 110-ից ավելի կործանիչ (այդ թվում՝ F/A-18 և F-35 մոդելների)։
Ինչպես նախորդ շաբաթ հայտնել էր The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը Մերձավոր Արևելքում ամերիկյան զորախմբի տեղակայման ժամկետը երկարաձգել է մինչև 2027 թվականը։
Ըստ աղբյուրների՝ Հեգսեթը տարածաշրջանում պահպանում է 50 հազար զինծառայողից, 19 ռազմանավից (այդ թվում՝ երկու ավիակիր և 13 հրթիռային էսկադրային ականակիր), ՀՕՊ ստորաբաժանումներից, կործանիչների բազմաթիվ էսկադրիլիաներից, ինչպես նաև 82-րդ օդադեսանտային դիվիզիայից բաղկացած խմբավորում։
Սա փաստում է, որ Իրանի հետ ռազմական հակամարտությունը կարող է ձգձգվել մինչև հաջորդ տարի, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նպատակադրված է պահպանել հարձակողական հզոր ներուժ՝ մարտական գործողությունների հնարավոր էսկալացիայի դեպքում կիրառելու համար։





























