Այդ բնակիչները երկար տարիներ ապրում են Երևան համայնքի զավթած հողատարածքի վրա, բայց այստեղ հարցը նա չի եղել, որ իրենց կացարանը ապամոնտաժի քաղաքապետարանը կամ իրենց թողնի անօթևան, այստեղ եղել է աղբանության խնդիր. այդ մարդիկ տարիներ շարունակ, X մարդկանց հետ պայմանավորված, այդտեղ աղբ են կուտակում և թույլ են տալիս, որ մեքենաները ըստ մեր ինֆորմացիայի գումարով աղբ թափեն։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8–ին, Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետիք Բաբայանը՝ անդրադառնալով մոտ 10 օր առաջ Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպին, երբ ոստիկաններն ու քաղաքապետարանի աշխատակիցները փորձում էին քանդել ինքնակամ շինությունը, որտեղ բազմանդամ ընտանիքներ են ապրում։

Բաբայանը շարունակեց. «Այսինքն մենք նորմա՞լ ենք նայում, որ Երևան քաղաքում կարելի է ցանկացած տեղ զիբիլանոց սարքել։ Դա բնակության համար նախատեսված վայր է։

Այդքան իրենց բացատրելուց, խնդրելուց և հորդորելուց հետո մարդիկ շարունակել են այդտեղ աղբ թափել, թույլ տալ, որ մեքենաները մտնեն, աղբ թափեն։ Մենք այդտեղ նաև հերթապահություններ ենք արել, ունենք նաև ֆիքսված նկարներ, ոնց է տեխնիկան մոտենում, այդտեղ աղբ թափում։

Նորմալ չի, որ քաղաքացիները քարերով, դանակներով, հարձակում են քաղաքապետարանի կամ վարչական շրջանի ներկայացուցչի վրա, որ վնասեն։

Այդուհանդերձ, Երևանի քաղաքապետը ևս մեկ անգամ մեծահոգի գտնվեց և իրենց ևս մեկ անգամ հնարավորություն տվեց այստեղ ապրելու։ Մենք բնակիչներին փակ քննարկման ժամանակ ասել ենք, որ քաղաքապետը վերջին հնարավորությունն է ձեզ տալիս, դուք այդտեղ ուղղակի ապրեք, բայց ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ առավել ևս Երևան համայնքում աղբ թափելու որևիցե իրավունք չունեք։ Եթե հաջորդ անգամ կմտնի այդտեղ ցանկացած տեսակի աղբով լի մեքենա, պատասխանատուն իրենք են։

Բայց նաև կուզեմ իմանաք, որ Երևանի քաղաքապետարանը այդ քարերից կամ դանակներից ընդհանրապես չի վախում։ Այսինքն, այնպես չի, որ մենք հետ ենք կանգնել, որ ինչ-որ տեղ կարար միջադեպ լիներ։ Դա Երևանի քաղաքապետի որոշումն է եղել, որ մարդասիրական քայլ է եղել։ Մենք իրենց դա բացատրել ենք, իրենք մեզ խոստացել են, որ այդտեղ աղբ չի թափվելու այլևս։

Ընթացքում, եթե քաղաքապետը կորոշի, որ ամբողջ ընտանիքին տեղափոխեն ավելի բարենկեցիկ պայմաններով վայր, նոր կորոշենք այդ տարածքը քանդելու մասին:

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ դեռևս օգոստոսի 28–ին Շենգավիթի թաղապետարանից եկել են և մի քանի տնակների բնակիչներին անակնկալ հայտնել, որ պետք է քանդեն տնակները, իսկ բնակիչները պետք է հեռանան այդ տարածքից, թեև նրանք 30 տարուց ավելի ապրում են այդտեղ։

Տնակները սեփականաշնորհված չեն, բնակիչների խոսքով, դրանք նվեր են ստացել բարերարներից, իրենք բարեկարգել են տարածքը, որ ժամանակին աղբանոց է եղել։ 

Տանը 5 անչափահաս երեխա կա, որից 2–ը՝ մինչև մեկ տարեկան։

Բնակիչները NEWS.am–ի հետ զրույցում պատմեցին, որ իրենք հենց նույն օրը գնացել են Շենգավիթի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանի մոտ, վերջինս ասել է, որ հրահանգը վերևից է, ինքը ոչինչ չի կարող անել։ 

Արդեն օգոստոսի 31–ին, Շենգավիթի թաղապետարանից եկել են, ոստիկանական մի մեծ խմբով, որ քանդեն։ Երբ տրակտորն սկսել է աշխատել, բնակիչներից մի տարեց կին 2 ամսական թոռնուհուն վերցրել էր գիրկը և քարերով հարձակվել տրակտորի վրա։ Ոստիկանները հազիվ կարողացել են նրան վնասազերծել, երեխային ձեռքից վերցնել և թույլ չտալ, որ վնաս հասցնի տեխնիկային, տեխնիկայի կողքը կանգնած մարդկանց, ինչպես նաև իր գրկին գտնվող երեխային։ 

Բնակիչները մանկասայլակներով փակել էին դեպի տնակներ տանող ճանապարհը ու չէին թողնում մոտենալ տներին։ Ամեն կողմից լսվում է երեխաների լացն ու գոչյունները։

Շենգավիթի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանն էլ NEWS.am–ին հայտնել էր, որ այդ մարդիկ, տարածքը վերածել են աղբանոցի, փողի դիմաց թույլ են տալիս շինրարարական աղբ թափել այդտեղ։ Նա նաև նշել էր, որ տնակների պամոնտաժումը դադարեցվել է երեկ, իսկ այսօր այդ ընտանիքի անդամներին ընդունելու են թաղապետարանում։