Մայիսի 18-ի առավոտյան «ԱրմենՏել» բջջային ցանցում տեղի ունեցած վթարի վերաբերյալ ընկերությունը տեղեկացնում է, որ կատարվող վերականգնողական աշխատանքների արդյունքում բաժանորդների մի մասի կապը վերականգնվել է: Սակայն այդ ընթացքում ի հայտ են եկել լրացուցիչ խնդիրներ, որոնց լուծումը կպահանջի որոշակի ժամանակ:

«Ընկերությունը շարունակում է կապի վերականգնման աշխատանքները: Խնդիրների վերջնական լուծման վերաբերյալ կտարածվի հաղորդագրություն: Ընկերությունը պատճառած անհարմարությունների համար հատուցում կտրամադրի բաժանորդներին, որոնք վթարի պատճառով զրկված էին զանգեր կատարելու հնարավորությունից»,-ասված է «ԱրմենՏելի» տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտյան ժամը 8:00-ից Beeline բջջային ցանցի բաժանորդների մի մասի մոտ, որոնք գտնվում էին այդ պահին 2G (GSM) ցանցում նկատվում էին խնդիրներ ելքային զանգերի հետ:

«ԱրմենՏել»-ի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ խնդիրը կապված է ընկերության ցանցի կառավարումն կարգավորող սարքերից մեկի խափանման հետ: