Երևանում սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած Ազգային ժողովի Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել էր պատգամավոր Մարիամ Պողոսյանի թեկնածությունը։ Վերջինիս կենսագրությունը ներկայացրել է նույն խմբակցության պատգամավոր Նատալյա Սինորյանը։
Խորհրդարանական մեծամասնությունը բավարար է համարել երիտասարդ պատգամավորի փորձառությունը նշված պաշտոնը զբաղեցնելու համար, մինչդեռ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լուրջ կասկածներ է հայտնել այդ առնչությամբ։
Այնուամենայնիվ, չնայած ակնհայտ տարաձայնություններին, ձայների մեծամասնությամբ Մարիամ Պողոսյանն ընտրվել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։





























