Ես չգիտեմ ինչի նեղացավ Ավինյանը, ես իրենց անգրագիտության մասին խոսեցի խցանումների հարցով և հարց բարձրացրեցի կորուպցիայի մասին, որովհետև իրենք երթևեկության կազմակերպման կենտրոն են ստեղծել 41 միլիոն դրամ աշխատավարձով, և այդտեղի տնօրեն են բերել իր զարմիկի ամուսնուն, ով ստանում է 1.8 միլիոն դրամ աշխատավարձ ու մասնագետ չի։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8–ին, Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը՝ անդրադառնալով Տիգրան Ավինյանի և իր միջև տեղի ունեցած միջադեպին։
Մենք ասում ենք՝ մասնագետ բեր, ինքը զարմիկի ամուսնուն է բերել՝ Էդվարդ Այվազյանին,, և երկու տարի առաջ երկու գովազդային վահանակներ նվիրեց Խանջյան և Սայաթ–Նովա փողոցներում «Ինշին» ՍՊԸ-ին, որի տնօրենը այդ մարդն էր։ Միլիոնավոր դրամներ կարելի էր վաստակել ամսական, բայց տվեց էդ մարդուն առանց մրցույթի։ Հիմա այդ մարդուն բերել է, սարքել է երթևեկության կազմակերպման կենտրոնի ղեկավար։ Ամենուր խցանումներ են, իսկ իրենք իրենց ընկերներին, բարեկամներին բերում են, տնօրեն են սարքում։ Իրենք անգրագետ են, ասում եմ՝ դուք անգրագետ եք, չեք կարողանում անեք, դրսից մասնագետ բերեք, նեղանում են, դրա մեջ ի՞նչ կա նեղանալու։ 41 միլիոն դրամ մեր գրպանից տալիս ենք, որ այս հարցը լուծեն, իրենք զարմիկի ամուսնո՞ւն են դնում տնօրեն, 3 տարի է խոսում եմ խցանումների մասին։ Ըստ լուրերի՝Էդվարդ Այվազյանը Ավինյանի զարմիկի ամուսինն է։ Ինքը չհերքեց դա։ Երկու տարի առաջ ՍՊԸ–ի տնօրենն է եղել, երկու գովազդային վահանակ է իրեն տրվել կենտրոնում, և մեծ գումար աշխատելու հնարավորություն ունի այդ տղան»,- հայտարարեց Զարոկյանը։
Նշենք, որ այսօր Երևանի ավագանու նիստում թեժ բանավեճ է տեղի ունեցել Պեդրո Զարոկյանի և Տիգրան Ավինյանի միջև։ Զարոկյանը քաղաքային իշխանությանը մեղադրել է անգործունակության և անգրագիտության մեջ: «Եթե դուք շարունակեք Ձեր անպարկեշտ, ամբարտավան բերանը բացել սխալ ձևով, շատ խիստ կպատժվեք»,- արձագանքել է Ավինյանը։











