Ռուսաստանը չի ցանկացել և չի սկսել Ուկրաինայի պատերազմը, այլ փորձում է ավարտին հասցնել այն։ Նյու Դելիում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին ընդառաջ հնդկական ԶԼՄ-ների համար անցկացված ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք երբեք չենք ցանկացել այս պատերազմը։ Մենք ուղղակի փորձում ենք վերջ դնել մյուս երկրի կողմից հրահրված պատերազմին», — ասել է նա։

Պեսկովը հիշեցրել է, որ հակամարտության բուն պատճառները սկիզբ են առնում 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից, որն էլ իր հերթին բեմադրվել էր արևմտյան երկրների կողմից, որոնք ցանկանում էին Ուկրաինան վերածել Ռուսաստանի դեմ պայքարի ցատկահարթակի։

Ուկրաինայում իշխանության եկան ազգայնականները, որոնք սկսեցին ճնշել ռուսալեզու բնակչությանը։ «Հենց սրանից էլ սկսվեց պատերազմը, որը մենք փորձում ենք կանգնեցնել հենց հիմա», — եզրափակել է Կրեմլի ներկայացուցիչը։