Հայաստանը պետք է վավերացնի մի կողմից ԵԱՏՄ անդամ պետությունների, մյուս կողմից՝ Ինդոնեզիայի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը։ Սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում համապատասխան հարցի քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գասպարյանը։
Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում։
Ինչպես նշել է փոխնախարարը, փաստաթղթի հիմնական նպատակը ԵԱՏՄ երկրների և Ինդոնեզիայի միջև առևտրի ակտիվացումն է, առևտրային բարիերների վերացումն ու տնտեսվարողների համար բարենպաստ պայմանների ստեղծումը։
«Ձևավորվող նոր առևտրային ռեժիմի շրջանակում ինդոնեզական կողմը արտոնյալ մուտք կապահովի ապրանքային անվանացանկի 90%-ի համար։ ԵԱՏՄ զիջումներն իրենց հերթին կծածկեն ապրանքային անվանացանկի շուրջ 90,5%-ը», — ասել է Գասպարյանը։
Այսպես, Հայաստանից Ինդոնեզիա հանքային ջրի արտահանման դեպքում 5% մաքսադրույքը կնվազեցվի մինչև 0%, մրգերի և բանջարեղենի համար՝ 20%-ից մինչև 0%, մետաղագործական ոլորտի արտադրանքի համար՝ 5%-ից մինչև 0%, դեղամիջոցների համար՝ 5%-ից մինչև 0%, ոսկյա զարդերի համար՝ 15%-ից մինչև 0% և այլն։
«Դրույքաչափերի նման էական նվազեցումն իրականացվելու է աստիճանաբար՝ երեք տարվա ընթացքում», — հավելել է Կառավարության ներկայացուցիչը։
Որոշ քննարկումներից հետո նախաձեռնությունն արժանացել է խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը։





























