Մեր օրվա մեծ մասն անցնում է խցանումների մեջ՝ քաղաքային իշխանությունների անգործության հետևանքով, գրել է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Խնդրի կարգավորման համար տարիներ շարունակ առաջարկել ենք լուծումներ՝ սկսած փողոցների երթևեկելի հատվածներում ապօրինի կայանումների կանխումից մինչև էստակադաների և շրջանցիկ նոր ճանապարհների կառուցում։
Ակնհայտ էր, և մենք այդ մասին զգուշացնում էինք, որ «կարմիր գծերի» կտրուկ թանկացումը չի կանխելու խցանումները։ Դրա փոխարեն առաջարկում էինք կառուցել ստորգետնյա և վերգետնյա կայանատեղիներ, սակայն քաղաքային իշխանություններն այս առաջարկներին ևս ականջալուր չեղան։
Խցանումների խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ներգրավել ոլորտի առաջատար մասնագետների, որոնք կիրականացնեն երթևեկության համապարփակ մոնիթորինգ, կվերլուծեն առկա խնդիրները և կմշակեն երկարաժամկետ լուծումներ։
Մինչդեռ, ըստ որոշ տեղեկությունների, խցանումների հարցը կարգավորելու պատրվակով բարձր աշխատավարձով աշխատանքի են ընդունվում այս իշխանությունների հետ փոխկապակցված անձինք։
Կարելի է պատկերացնել, թե ինչ սարսափելի վիճակ կտիրի Երևանի փողոցներում ձյան տեղումների պարագայում։
Սրանք ինչպես «կառուցեցին» Աջափնյակի մետրոյի կայարանը, այնպես էլ «լուծում» են խցանումների խնդիրը։
Մինչդեռ, օր օրի այս հարցը վերածվում է գերխնդրի՝ խլելով մեր քաղաքացիների թանկ ժամանակը, բորբոքելով նյարդերը։
Այսպես շարունակվելու դեպքում Երևանը շուտով կհայտնվի տրանսպորտային կոլապսի մեջ, և չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»։





























