Մարզերի բնակիչները թող օգտվեն Երևան համայնքի հանրային տրանսպորտից։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8–ին, Երևանի քաղաքապետարանում, լրագրողների հետ զրույցում նշեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով քաղաքապետ Ավինյանի հայտարարությանը, որ Երևանում մարզային տրանսպորտով ուղևորափոխադրումներ չպետք է լինեն։

«Մենք չենք ասում՝ չմտնեն Երևան, ասում ենք՝ ամեն կանգառում իրականացնելով կանգառ, փաստացի իրականացվում է Երևանի տրանսպորտին զուգահեռ գործունեությունը և լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջանում։ Սա ամենևին խտրականություն չի մարզերի բնակիչների համար։

Օրինակ, «Բարեկամության» մետրոյի մոտ՝ Բաղրամյան–Սունդուկյան փողոցների հատման կետում այդպիսի մի մասնավոր, այսպես ասած, ավտոկայան է գործում, որը մեծ անհարմարություններ է պատճառում այդտեղի բնակիչներին, մասնավորապես մեր բակ մուտք և ելք գործելու տեսանկյունից, էլ չեմ ասում, որ այդտեղ երթևեկությունն էլ որոշ ժամերի էականորեն դժվարանում է։ Երբ մենք խոսում ենք ինչ-որ սահմանափակումների մասին, ենթադրվում է, որ ինչ-որ մեկի կյանքը դրա պատճառով դժվարանալու է։ Այնպիսի տպավորություն է, ոնց որ ես կամ քաղաքապետը ուզում ենք ինչ-որ մեկի կյանքը դժվարացնենք, նստենք հաճույք ստանանք։ Այդպես չէ»,–ասաց նա։

Ճշտող հարցին՝ Գագիկ Ծառուկյանի նկատմա՞մբ են իրականացնելու այդ սահմանափակումները, քանի որ Աբովյանից Երևան ուղևորափոխադրում իրականացնում է իրեն պատկանող ընկերությունը, փոխքաղաքապետն ասաց. «Մենք իրականացնելու ենք կանոնը խախտող սուբյեկտների նկատմամբ։ Այնպես չի, որ բացում նայում ենք, թե ում է պատկանում, ըստ այդմ, չենք իրականացնում սահմանափակում, կամ իրականացնում ենք։ Այդ սահմանափակումը կկիրառենք առաջիկայում»։

Դիտարկմանը, որ խցանումների պատճառ է նաև այն, որ շատ ճանապարհներ քանդված են, մասնավորապես, նոր ասֆալտապատված փողոցը քանդում են, որ ջրագիծ անցկացնեն, Գրիգորյանն ասաց. «Մոտավորապես 600 միլիոն բյուջեով իրականացվում է ջրագծերի անցկացման աշխատանքներ, որոնք, ի վերջո, բնակչության համար են արվում։ Բայց ձեր ասած դեպքերով քաղաքային իշխանության կողմից տուգանքներ են կիրառվել, որովհետև այո, ինչ որ դուք ասում եք, ճիշտ եք ասում»։