2022-23 թվականներին ավագանու որոշում է ընդունել, որը նախատեսում է նորմատիվ, որ պետք է առնվազն 1.8 մետր մետր մայթից հեռու լինեն սրճարանները, բայց կա բացառություն երեք փողոցների մասով։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8–ին, Երևանի քաղաքապետարանում, լրագրողների հետ զրույցում նշեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք քաղաքային իշխանությունը խնդիր չի տեսնում սրճարանների, ռեստորանների կողմից մայթերը զավթելու մեջ, որի վառ օրինակ է Սարյան փողոցը, Կասկադը։

«Այդ երեք փողոցներն են Պուշկին փողոցը, Կասկադը և Սարյան փողոցը։ Դե, Կասկադի հարցում ընդհանրապես շատ քննարկելու բան չկա, որովհետև այդտեղ հետիոտնի համար կա մեջտեղի հատվածը բավականին ընդարձակ, այսինքն այլընտրանք կա։ Իսկ Սարյանի ու Պուշկինի պարագայում մենք դիտարկել ենք, որ այդտեղ արդեն ձևավորված միջավայր է և այդտեղ ավելի պակաս ինտենսիվությամբ միջամտություն է արել ավագանին՝ ուղղակի նշելով, որ մայթի 60%-ից ոչ ավելին լինի։ Եթե առանձին տնտեսվարողներ ակնադիտական առնվազն խախտում են այդ պայմանները, խնդրում եմ տեղեկացրեք, մենք մեր վարչական շրջանի ու հասարակական կարգի ծառայության միջոցով անպայման դրան կարձագանքենք։

Այդտեղ կան հատվածներ, որոնք ավելի շատ գնալ սրճարան նստելու մասին են, կան հատվածներ, որ ավելի շատ հետիոտնի կողմից ման գալու մասին են։ Կոնկրետ այդ երեք կետերում մենք դիտարկել ենք, որ այդտեղ արդեն կա ձևավորված միջավայր, որտեղ համ ձևավորված բիզնես կա, համ մարդիկ են սովոր այդ միջավայրին»։