Սեպտեմբերի 7-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ` ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Ուզբեկստանի ԱԳ նախարարի տեղակալ Բոբուր Ուսմանովի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում են ԱԳՄԱՆ-ից, զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ քաղաքական երկխոսությունը բարձրագույն և բարձր մակարդակում՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Մնացական Սաֆարյանը և Բոբուր Ուսմանովն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել առևտրատնտեսական կապերի խորացման, ներդրումների խթանման, բարձր տեխնոլոգիաների, կրթության ու զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հեռանկարներին: Կարևոր քայլ է համարվել գործարար շրջանակների միջև գործընկերության խթանումն ու ակտիվ երկխոսության պահպանումը։ Այս տեսանկյունից զրուցակիցները ողջունել են Երևանի և Տաշքենդի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը և պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքները փոխկապակցվածության ոլորտում համագործակցության խորացումն ապահովելու ուղղությամբ:

Հայաստանի և Ուզբեկստանի նախարարների տեղակալներն ընդգծել են երկկողմ հարաբերություններում իրավապայմանագրային հիմքերի ընդլայնման կարևորությունը՝ տարբեր ոլորտներում առկա գործակցության ներուժի իրագործման համար:

Քննարկվել են Հայաստանում և Ուզբեկստանում տեղի ունեցող միջազգային միջոցառումներին փոխադարձ մասնակցության, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում համագործակցության հարցերը: