Վրաստանի դատախազությունը նոր մեղադրանք է առաջադրել պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին և նրա ազգական Վասիլ Մխեիձեին՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու գործով՝ ՊՆ-ի համար գաղտնի գնումներ իրականացնելու ընթացքում, հաղորդում է Georgia Online-ը։

Միաժամանակ, հաշվի առնելով նրանց համագործակցությունը քննության հետ, դատախազությունը մեղադրյալների հետ դատավարական համաձայնություն է կնքել։

Քննության տվյալներով՝ 2021–2024 թվականներին Բուրչուլաձեն, զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, Մխեիձեի հետ միասին կազմակերպել է մի սխեմա, որի շրջանակում որոշակի գործարարի հետ կապված ընկերությունները պետք է երաշխավորված ստանային բժշկական սարքավորումների և գույքի մատակարարման պայմանագրեր՝ ուռճացված գներով։

Երեք գաղտնի գնումների շրջանակում 11,5 միլիոն լարի իրական արժեք ունեցող ապրանքներն ու ծառայությունները ձեռք են բերվել մոտ 18,5 միլիոն լարիով։ Դատախազության տվյալներով՝ պետությանը6,99 միլիոն լարիի վնաս է հասցվել։

Քննությունը պնդում է, որ գործարարը Մխեիձեին կանխիկ փոխանցել է մոտ 1,9 միլիոն լարի՝ պայմանագրերի արժեքի մոտ 10%-ը։ Այդ գումարից Մխեիձեն իրեն է թողել 400 հազար լարի, իսկ 1,5 միլիոն լարին փոխանցել է Բուրչուլաձեին։ Իր հերթին նախկին նախարարը, իբր, իրեն է թողել 750 հազար լարի, իսկ ևս 750 հազար լարի փոխանցել է Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիին։

Գարիբաշվիլիին արդեն մեղադրանք է առաջադրվել նույն այս դրվագով։

Ըստ դատավարական համաձայնության պայմանների՝ Բուրչուլաձեին կնշանակվի հինգ տարվա ազատազրկում, որից երեք տարին նա կանցկացնի կալանքի մեջ, իսկ երկու տարիները կլինեն պայմանական։ Բացի դրանից, նրան կտուգանեն 1 միլիոն լարիով։

Մխեիձեն կպատժվի չորս տարի և երկու ամիս ազատազրկմամբ․ մեկ տարի և երկու ամիս՝ իրական ժամկետով, ևս երեք տարի՝ պայմանական։ Տուգանքի չափը կկազմի 100 հազար լարի։

Դատախազությունը նշում է, որ երկու գործով անցնողներն էլ արդեն դատապարտված են մեկ այլ քրեական գործով, և նրանց համապատասխան պատիժներ են նշանակվել։