Մեծ Բրիտանիան կարգելի Հորդանան գետի Արևմտյան ափի ապօրինաբար բռնազավթված տարածքներում գտնվող իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը։ Որոշման մասին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էդ Միլիբենդը, հայտնում է BBC News-ը։
Նրա բնորոշմամբ՝ Արևմտյան ափում «ահաբեկիչ վերաբնակիչները» իրականացնում են «էթնիկ զտում», իսկ Իսրայելի կառավարությունը աչք է փակում տեղի ունեցողի վրա։
Միլիբենդը հայտնել է նաև, որ իսրայելական բնակավայրերի դեմ պատժամիջոցներին կմիանան Ֆրանսիան և Կանադան։ Ավելի ուշ հայտնի է դարձել ևս ինը երկրի՝ Դանիայի, Իսպանիայի, Ֆինլանդիայի, Իռլանդիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի և Շվեդիայի մասին, որոնք մտադիր են նմանատիպ սահմանափակումներ սահմանել։
Որոշումն ընդունվել է այն պայմաններում, երբ Իսրայելը ծրագրում է Արևմտյան ափում ևս մոտ 1200 տուն կառուցել, ինչպես նաև տարեսկզբից աճել է պաղեստինցիների վրա իսրայելացի վերաբնակիչների հարձակումների թիվը։
Ավելի վաղ Իսրայելը և ԱՄՆ-ը նախազգուշացրել էին Մեծ Բրիտանիային սահմանափակումների հետևանքների մասին։ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը Լոնդոնի որոշումը «լուրջ սխալ հաշվարկ» է որակել։
Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին BBC-ին ասել է, որ այդ միջոցների պատճառով բրիտանական ընկերություններին հնարավոր է արգելվի բիզնես վարել ամերիկյան մի շարք նահանգներում։





























