Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մոհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանն Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահույին անձամբ նախազգուշացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից խոշոր հարձակման նախապատրաստման մասին՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումից տասն օր առաջ, հաղորդում է Haaretz պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ ԱՄԷ-ի նախագահը Նեթանյահուի հետ զրույցում հայտարարել է, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի այն ժամանակվա առաջնորդը ՝ Յահյա Սինվարը, պատրաստում է լայնածավալ գործողություն։ Բեն Զայեդը զգուշացրել է, որ այն կարող է արյունահեղության հանգեցնել, ապակայունացնել տարածաշրջանը և վտանգի տակ դնել Աբրահամյան համաձայնագրերը՝ Իսրայելի և մի շարք արաբական ու մահմեդական երկրների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունները։
Ինչպես պնդում է Haaretz-ը, Նեթանյահուն հանգիստ է արձագանքել և զրուցակցին վստահեցրել, որ Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։ Ընդ որում, թերթի տվյալներով, նա ավելի հավանական էր համարում հնարավոր հարձակումը Հորդանան գետի Արևմտյան ափի կողմից։
Նեթանյահուի գրասենյակը կտրականապես հերքել է այս տեղեկությունը՝ հրապարակումն անվանելով «բացարձակ սուտ»։ Գրասենյակից հայտարարել են, որ վարչապետը նշված ժամանակահատվածում չի զրուցել ԱՄԷ-ի նախագահի հետ և նրանից որևէ նախազգուշացում չի ստացել։
ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ի հարձակման հետևանքով Իսրայելում սպանել է մոտ 1,2 հազար մարդու և գերեվարել 251 պատանդի։ Հարձակման շուրջ իրադարձությունները մնում են իսրայելական քաղաքականության գլխավոր հարցերից մեկը, իսկ Նեթանյահուն քննադատության է ենթարկվում հարձակմանը նախորդած ձախողումը հետաքննող պաշտոնական պետական հանձնաժողով ստեղծելուց հրաժարվելու համար։
Իսրայելի Գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Այզենկոտը, որը համարվում է առաջիկա ընտրություններում Նեթանյահուի գլխավոր մրցակիցներից մեկը, վարչապետին մեղադրել է պատրաստվող հարձակման մասին տասնյակ նախազգուշացումներն անտեսելու համար։ Նրա մեկ այլ քաղաքական հակառակորդ՝ նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը, հայտարարել է, որ Նեթանյահուն «անձնական և ուղղակի պատասխանատվություն» է կրում այն ձախողման համար, որը հանգեցրել է հազարավոր իսրայելցիների մահվանը։
Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական ռազմական գործողության հետևանքով զոհվել է ավելի քան 73,6 հազար պաղեստինցի։





























