Սինգապուրի կառավարությունը կբարձրացնի նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ներառյալ՝ վարչապետ Լոուրենս Վոնգի աշխատավարձերը, որն այժմ էլ աշխարհի ամենաբարձր վարձատրվող քաղաքական առաջնորդն է, հայտնում է BBC News-ը։
Վոնգի տարեկան վարձատրության փաթեթը կաճի ավելի քան 60%-ով՝ 2,2 միլիոնից հասնելով 3,6 միլիոն սինգապուրյան դոլարի, կամ մոտավորապես 2,8 միլիոն դոլարի։ Վարչապետը հայտարարել է, որ հավելավճարի ամբողջ գումարը, որը կազմում է շուրջ 1,4 միլիոն սինգապուրյան դոլար (1,1 միլիոն ԱՄՆ դոլար), առաջիկա հինգ տարում կուղղի բարեգործությանը։
Վոնգն աշխատավարփի բարձրացումը բացատրել է պետական ծառայության մեջ ամենակարող մասնագետներին ներգրավելու անհրաժեշտությամբ։ Ըստ նրա՝ կառավարությունը չի կարող մրցակցել այն եկամուտների հետ, որոնք առաջատար գործարարները ստանում են մասնավոր հատվածում, սակայն չպետք է նրանց համար «ավելորդ ֆինանսական խոչընդոտ» ստեղծի, եթե նրանք որոշեն հեռանալ բիզնեսից և զբաղվել քաղաքականությամբ։
Նախարարների աշխատավարձերը նույնպես կբարձրանան։ Այժմ նրանց հիմնական վարձատրության փաթեթը կազմում է տարեկան մոտ 1,1 միլիոն սինգապուրյան դոլար, իսկ բարեփոխումից հետո այն կհասնի մոտ 1,2 միլիոնի։ Կառավարության աշխատանքի արդյունքներից կախված վճարումները հաշվի առնելով՝ գործող լիազորությունների ժամկետի ավարտին նախարարները կկարողանան ստանալ մոտ 1,35 միլիոն սինգապուրյան դոլար։
Վարձատրության մի մասը կախված է տնտեսական ցուցանիշների ապահովումից, այդ թվում՝ գործազրկության մակարդակից, բնակչության եկամուտների աճից և ՀՆԱ-ից։
Վոնգը ընդունել է, որ այսքան բարձր աշխատավարձերը հարցեր են առաջացնում, քանի որ էապես գերազանցում են երկրի բնակիչների մեծամասնության եկամուտները։ Սինգապուրում միջին ամսական եկամուտը կազմում է 5775 սինգապուրյան դոլար։
Այս որոշումն արդեն քննադատության է ենթարկվել կենսապահովման արժեքի, գնաճի, աշխատատեղերի կրճատման և շրջանավարտների աշխատանքի որոնման դժվարությունների վերաբերյալ մտահոգությունների ֆոնին։ Վերջին եռամսյակում Սինգապուրում կրճատումների թիվը հասել է առավելագույնի՝ ավելի քան հինգ տարվա ընթացքում։
Միևնույն ժամանակ Սինգապուրի կառավարությունը երկար տարիներ պնդում է, որ պաշտոնյաների բարձր աշխատավարձերը օգնում են քաղաքականություն ներգրավել որակավորված մարդկանց և նվազեցնում են կոռուպցիայի ռիսկը։ Երկիրը կայուն կերպով զբաղեցնում է ամենաբարձր տեղերից մի քանիսը Transparency International-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսում։
Սակայն այս հարցը շարունակում է մնալ ցավոտ իշխող Ժողովրդական գործողության կուսակցության համար, որը իշխանության մեջ է Սինգապուրի անկախության պահից։ Նախարարների աշխատավարձերից և ներգաղթի քաղաքականությունից դժգոհությունը դարձել էր 2011 թվականի ընտրություններում դրա թույլ արդյունքի գործոններից մեկը։ Դրանից հետո կառավարությունը կրճատեց նախարարների վարձատրությունը։
Վոնգի նախորդը՝ Լի Սյեն Լունը, նույնպես խոստացել էր իր աշխատավարձի բարձրացումը ուղղել բարեգործությանը 2007 թվականի նմանատիպ բարեփոխումից հետո։





























