Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից 25 տարի անց ավելի քան 170 հազար էջ փաստաթուղթ է հրապարակվել՝ Համաշխարհային առևտրի կենտրոնի շրջանի օդի որակի և շրջակա միջավայրի աղտոտվածության վերաբերյալ։ Արձանագրությունները վկայում են, որ վտանգավոր նյութերը, դրանց թվում՝ ասբեստը, շարունակել են հայտնաբերվել ողբերգության վայրի շրջանում հարձակումներից ամիսներ անց, թեև իշխանությունները բնակիչներին հավաստիացնում էին, որ օդն անվտանգ է, գրում է New York Times։

Փաստաթղթերը, որոնք ավելի քան երկու տասնամյակ պահվել էին քաղաքի հաստատություններից մեկում գտնվող 68 արկղերում և, պաշտոնյաների ասելով, հայտնաբերվել էին միայն անցյալ տարի, օդի որակի մասին հաշվետվություններ, աղտոտվածության վերաբերյալ տվյալներ և քաղաքային իշխանությունների նամակագրություն են ներառում։

Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հանձնարարել է փաստաթղթերը հանրությանը հասանելի դարձնել հատուկ առցանց հարթակի միջոցով՝ ահաբեկչությունների 25-րդ տարելիցին ընդառաջ։ Հաջորդ տարվա ընթացքում քաղաքային վարչակազմը նախատեսում է ուսումնասիրել և հրապարակել նաև այլ նյութեր, որոնք առնչվում են սեպտեմբերի 11-ից հետո ի հայտ եկած թունավոր նյութերին։

Հրապարակված արձանագրություններն ընդգրկում են առկա տվյալների միայն մի մասը, սակայն արդեն իսկ մատնանշում են իրական բնապահպանական իրավիճակի և իշխանությունների հրապարակային հայտարարությունների միջև հնարավոր հակասությունը։ Մասնավորապես, հարձակումներից տասը ամիս անց մասնագետները Համաշխարհային առևտրի կենտրոնի փլված աշտարակների վայրից մինչև 800 մետր հեռավորության վրա շարունակում էին ասբեստ հայտնաբերել։

Փաստաթղթերից մի քանիսն առնչվում են Ջոն սթրիթում գտնվող շենքին, որը տեղակայված է Համաշխարհային առևտրի կենտրոնից մոտ 1,6 կմ հեռավորության վրա։ 2002 թվականի հուլիսին տեսուչներն այնտեղ փոշու նմուշներ էին վերցրել։ Հաշվետվություններում ՝ ճակատի ելուստներին, տանիքի արևմտյան հատվածում և էլեկտրական մալուխի կողքին բազմիցս ասբեստի առկայություն է արձանագրվել։

9/11 Health Watch կազմակերպության գործադիր տնօրեն Բեն Չևատի պատմելով՝ փաստաթղթերը ցույց են տալիս, որ քաղաքային իշխանությունները գիտեին թունավոր նյութերի վտանգի մասին այն ժամանակ, երբ շարունակում էին հասարակությանը համոզել, թե օդն անվտանգ է։

Նյութերի հրապարակումը դարձել է 9/11 Health Watch-ի նախաձեռնած դատական վարույթի արդյունք։ Նոր տվյալները կարող են նշանակություն ունենալ ոչ միայն ահաբեկչություններից հետո իշխանությունների գործողությունները գնահատելու, այլև հետագա տարիներին հիվանդացած մարդկանց համար։ Փաստաթղթերը կարող են օգնել նրանց դաշնային փոխհատուցումների համար դիմելիս, ինչպես նաև հնարավորինս ազդել քաղաքի դեմ նոր կամ փոփոխված հայցերի վրա։

Հետևանքների վերացման և փաստաթղթերի հսկայական զանգվածի հրապարակման համար քաղաքային իշխանությունները 34 միլիոն դոլար են հատկացրել։

Սեպտեմբերի 11-ից հետո թունավոր նյութերի ազդեցության հետևանքները շարունակում են անդրադառնալ մարդկանց առողջության վրա։ Համարվում է, որ ահաբեկչությունների հետ կապված հիվանդություններից հենց սեպտեմբերի 11-ին զոհված գրեթե 3 հազար մարդկանցից էլ ավելի շատ մարդ է մահացել հետագա տարիներին: Այդ հիվանդությունների թվում են թոքերի և արյան քաղցկեղը, ինչպես նաև սրտանոթային և շնչառական հիվանդությունները։

«Ամենաքիչը, որ մեր քաղաքը պարտք է այն ընտանիքներին, վերապրածներին և փրկարարներին, որոնց կյանքերն ընդմիշտ փոխեց սեպտեմբերի 11-ի սարսափելի ահաբեկչությունը, թափանցիկությունն ու պատասխանատվությունն են»,- հայտարարել է Մամդանին։