Ընտանիքի չորս անդամներ զոհվել են Բահամներում՝ Անդրոս կղզու ափերի մոտ փոքր մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով։ Զոհվածների մարմինները հայտնաբերել են նրանց հարազատները, որոնք սեփական նավակներով մարմինները ինքնուրույն տեղափոխել են, հաղորդում է NBC News-ը։
Չորս մարդ տեղափոխող հնգատեղանի PA-34 Piper-ը տեղական ժամանակով երկուշաբթի մոտ 11:15-ին օդ է բարձրացել Գրեյթ-Հարբոր-Քեյ կղզուց և կործանվել Անդրոսի ափից մոտ 24 կիլոմետր հեռավորության վրա։
Զոհվածների թվում են 80-ամյա օդաչու Մարիո Լամարին, նրա 79-ամյա կինը՝ Լիլի Լամարին, և նրանց թոռները՝ 28-ամյա Սոֆիա Սոսան ու 22-ամյա Քրիստիան Սոսան։
«Խոր վշտով հաստատում ենք, որ մեր ընտանիքի բոլոր չորս անդամները հայտնաբերվել են մահացած»,- ասվում է հարազատների հայտարարության մեջ։
Ընտանիքն ավելի վաղ հայտնել էր, որ Լամարը փորձառու օդաչու էր և ամբողջ կյանքի ընթացքում թռիչքներ էր կատարել։ Ըստ նրա զարմուհի Սիլվիա Լարյեի՝ ողբերգությունից առաջ նա թոռների հետ միասին Բահամներում անցկացնում էր երկար հանգստյան օրերը։
FlightAware ծառայության տվյալներով՝ մինչև ռադարներից անհետանալը ինքնաթիռը մտել է ամպրոպային ճակատի եզրը, ինչից հետո կտրուկ փոխել է ուղղությունը։ Զոհված օդաչուի դուստրը, որն ինքնաթիռում գտնվող երկու երիտասարդների մայրն է, ահազանգել է, երբ նրանք չեն հայտնել վայրէջքի մասին։
ԱՄՆ առափնյա պահպանությունը Բահամյան կղզիների պաշտպանության ուժերի հետ համատեղ որոնողական գործողություն է սկսել, սակայն եղանակային պայմանների պատճառով ստիպված են եղել դադարեցնել։ Թե կոնկրետ երբ են որոնումները վերսկսվել, չի նշվել։
Մարմինների հայտնաբերումից հետո հարազատները շնորհակալություն են հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են որոնումներին և օգնել ընտանիքին։ Նրանք հայտնել են նաև, որ այժմ համագործակցում են ԱՄՆ առափնյա պահպանության հետ՝ զոհվածներին տուն հասցնելու համար «անվտանգ և արժանապատիվ կերպով»։




























