Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև, որոնք փորձել են ճեղքել դեպի խորհրդարանի շենք տանող ճանապարհը։ Ակցիան դարձել է Ջարեդ Քուշների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսային առնչվող լայնածավալ առողջարանային նախագծի դեմ բողոքների 100-րդ օրը, հայտնում է Associated Press-ը։
Ցույցի մասնակիցները փորձել են հաղթահարել Տիրանայի կենտրոնում տեղակայված ոստիկանական պատնեշը և պաշտպանիչ հանդերձանքով ոստիկանների ուղղությամբ ձվեր ու լոլիկներ են նետել։ Ոստիկանությունն իր հերթին ցուցարարներին թույլ չի տվել մոտենալ խորհրդարանին։ Մի քանի ցուցարարներ ձերբակալվել են, սակայն նրանց ներկայացված մեղադրանքների մասին դեռևս չի հաղորդվել։

Բողոքի ակցիաները Ալբանիայի մայրաքաղաքում անցկացվում են գրեթե ամեն երեկո։ Սկզբում դրանք ուղղված էին բացառապես պահպանվող առափնյա տարածքում շքեղ առողջարանի կառուցման նախագծի դեմ, սակայն ժամանակի ընթացքում վերածվել են կառավարության դեմ լայնածավալ ելույթի։
Նախագծին աջակցում է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման։ Նա պնդում է, որ ներդրումները կօգնեն արդիականացնել երկիրը, որը տասնամյակներ շարունակ մեկուսացված է եղել կոմունիստական ռեժիմի պայմաններում։ Նախագծի քննադատները բնապահպանական վնասի և առափնյա գոտի բնակչության մուտքի սահմանափակման մտավախություն ունեն։

Վարդագույն ֆլամինգոների պատկերներով պաստառների պատճառով, որոնք, ըստ ցուցարարների, կարող են տուժել շինարարությունից, ակցիաները ստացել են «ֆլամինգոների հեղափոխություն» անվանումը։
Բախումների ընթացքում ցուցարարները վանկարկել են՝ «Ձերբակալե՛լ Ռամային»։ Ոստիկանությունը պատգամավորներին ուղեկցել է խորհրդարանի շենք ելումուտ անելիս։





























