Տաջիկստանում ռուսական ռազմական բազան գտնվում է արտաքին սպառնալիքներին հակազդելու պատրաստ վիճակում, իսկ Մոսկվան և Դուշանբեն դրա կիրառման շուրջ սերտ համագործակցություն են հաստատել։ Այդ մասին ТАСС-ի հաղրոդմամբ, Տաջիկստանի անկախության 35-ամյակի առթիվ պաշտոնական ընդունելության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։

Ըստ նրա՝ Ռուսաստանն ու Տաջիկստանն ակտիվորեն զարգացնում են ռազմական համագործակցությունը։ Մասնավորապես, Մոսկվան մասնակցում է տաջիկական ավիացիոն, անօդաչու համակարգերի և հատուկ նշանակության ստորաբաժանումների կազմավորմանը։

Երկու երկրների զինված ուժերը համատեղ անցկացնում են օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներ, փոխանակվում են հատուկ ռազմական գործողության փորձով և զբաղվում են ռազմական կադրերի պատրաստմամբ։

«Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում տաջիկա-աֆղանական սահմանի ամրապնդմանը»,- նշել է Բելոուսովը։

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը միաժամանակ բարձր է գնահատել Տաջիկստանի զինված ուժերը՝ հայտարարելով, որ դրանք ունակ են պաշտպանելու երկրի շահերն ու ինքնիշխանությունը։